«Տաշիր կապիտալ»-ի ներկայացուցիչը ՀԷՑ-ի վերաբերյալ դատարանի որոշումը որակել է քաղաքական և զգուշացրել ներդրումների համար ռիսկերի մասին

«Տաշիր կապիտալը» կբողոքարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության լիցենզիայի դադարեցման դեմ ներկայացված հայցի մերժումը։ Ընկերության ներկայացուցիչներ, ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը և փաստաբան Արամ Օրբելյանը գործընթացը որակում են որպես քաղաքական ուղղորդված ճնշում «Տաշիր ընկերությունների» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Ղազինյանի  և Օրբելյանի մամուլի ասուլիսը՝ Armenia TodayYoutube-ի ալիքում։

Դատարանի որոշումն ու ՀԷՑ-ի շուրջ գործընթացի նպատակը

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ դատարանի ֆիքսած հանգամանքներն ապացուցեցին, որ ՀԷՑ-ը խլելու գործընթաց կա։ Ղազինյանի խոսքով՝ գործընթացն ուղղված է «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի վրա ճնշում գործադրելուն և այն քաղաքական նպատակներով օգտագործելուն։ Ղազինյանը, հղում անելով դատարանի որոշմանը, հայտարարել է, որ այն փաստում է ՀԷՑ-ի շուրջ գործընթացի՝ քաղաքական լինելը։

Նրա խոսքով՝ դատարանի որոշմամբ փաստացի հերքվել են իշխանության դրույթները՝ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու մասին։

«Փոքրիկ խմբակն այս դեպքում 100%-ով պարտվել է, որովհետև մեր կողմից օրինակներ բերելուց, հիմնավորելուց, ապացուցելուց ու ջախջախելուց բացի, դատարանը նույնպես ֆիքսեց այդ ամենը։ Կարծում եմ՝  Հայաստանում չկա մեկը, որը կկասկածի գործընթացի՝ քաղաքական լինելու մեջ»,- հավելել է Ղազինյանը։ 

Նա անդրադարձել է պաշտոնյաներին, որոնք հրապարակային մեղադրանքներ են հնչեցրել ընկերության նախկին ղեկավարության հասցեին ու վերագրել են գոյություն չունեցող խախտումներ, այդ թվում՝ «գումարներ փոշիացնելու մասին»։

«Այդ մարդիկ պատրա՞ստ են ներողություն խնդրել Կարապետյանից։ Երբ տղամարդը սխալվում է, ենթադրվում է՝ պետք է ներողություն խնդրի, ինչը նորմալ է։ Ընդամենը ժողովուրդը կհասկանա, որ իրենք խաբել են կամ, մեղմ ասած, չեն իմացել»,- շեշտել է Ղազինյանը։ 

Ինչպե՞ս ՀԷՑ-ի շուրջ գործընթացը կազդի Հայաստանում ներդրումների վրա 

Ընկերության ներկայացուցիչները, պատասխանելով Armenia Today-ի հարցին, հայտարարել են ՀԷՑ-ի շուրջ գործընթացի՝ ներդրումների վրա բացասական ազդեցության փաստի մասին։

Ղազինյանի խոսքով՝ ներդրումային միջավայրի հետ կապված իրավիճակը բոլորին պարզ է։

«Եթե միլիարդանոց ընկերությունը, կոպիտ ասած, խլվում է, չեմ կարծում, որ աշխարհում կլինի որևէ կորպորացիա, ընկերություն կամ պետություն, որը կփորձի ներդրում կատարել այդ երկրում, քանի դեռ այդ երկրում քաղաքական իշխանությունը չի փոխվել, և բիզնեսի համար ազատ միջավայր չի ստեղծվել»,- հավելել է նա։

Արբիտրաժի ռիսկերը և ներդրումային միջավայրը

Միևնույն ժամանակ նա իրատեսական չի համարել «երկրորդ ՀԷՑ»-ի ստեղծման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ շուկան Հայաստանում այնքան փոքր է, որ նման ներդրումը պարզապես չի արդարանա։

«Սա հեռահաղորդակցության ոլորտ չէ, որտեղ կարելի է ունենալ երկրորդ կամ երրորդ օպերատոր։ ՀԷՑ-ի պարագայում նման սցենարը, իմ գնահատմամբ, իրական չէ»,- ասել է Ղազինյանը։

Armenia Today-ի հարցին պատասխանելով՝ Օրբելյանը հավելել է, որ կա երկու կարևոր հետևանք, որոնցից առաջինը միջազգային արբիտրաժն է՝ ՀԷՑ-ի գործով։

«Ստոկհոլմի ներդրումային արբիտրաժում քննվող գործով պարտվելու դեպքում ՀՀ-ն պետք է 500 մլն դոլարից ավելի վճարի»,- տեղեկացրել է փաստաբանը։ 

Օրբելյանի խոսքով՝ երկրորդ հետևանքը ներդրումային միջավայրի վրա ազդեցությունն է, որն արդեն առկա է։

«Մեր գրասենյակի միջոցով մենք շփվում ենք տարբեր միջազգային ներդրողների հետ՝ եվրոպական, ամերիկյան, չինական, ճապոնական, իրանական։ Եվ բոլորի մոտ կա նույն մտահոգությունը՝ եթե հնարավոր է բիզնեսը վերցնել ազգությամբ կամ քաղաքական պատկանելությամբ պայմանավորված, ապա վաղը կարող են նույնը անել ցանկացածի հետ։ Սա ներդրումների պաշտպանվածության մակարդակի կտրուկ անկում է»,- շեշտել է փաստաբանը:

Նրա խոսքով՝ այդ հետևանքը ոչ թե տեսական է, այլ կան ներդրումների վրա ազդեցության հստակ դեպքեր։

«Կան դեպքեր, երբ ներդրումային ծրագրերի շրջանակում հարցաշարերում առանձին կետ է դարձել ներդրումների պաշտպանությունը՝ ՀԷՑ-ի դեպքի հղումով»,- հավելել է փաստաբանը։

Էներգետիկ շուկայի մրցակցությունը և հեռանկարները

Օրբելյանի խոսքով՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկան շարժվում է աստիճանական ազատականացման ուղղությամբ՝ ինչպես ԵԱՏՄ տրամաբանության, այնպես էլ գլոբալ միտումների շրջանակներում: Նա նշել է, որ խոշոր սպառողներն արդեն կարող են էլեկտրաէներգիա գնել անմիջապես արտադրողներից՝ ՀԷՑ-ին վճարելով միայն հաղորդման ծառայությունների դիմաց: Ընդ որում, ամբողջական ազատականացումը դեռ չի ավարտվել։ Հեռանկարում, նրա գնահատմամբ, 10-20 տարի հետո շուկան կարող է ավելի բաց դառնալ, ինչը թույլ կտա սպառողներին սակագնային մրցակցության պայմաններում ընտրել մատակարարին։

Ընդ որում, խոսքը բաշխման ենթակառուցվածքում մրցակցության մասին չէ, որը մնում է բնական մենաշնորհ։ Օրբելյանն ընդգծել է, որ ընթացիկ միտումներն ուղղված են ոչ թե ենթակառուցվածքների կրկնօրինակման հաշվին ներքին մրցակցության ստեղծմանը, այլ ենթատարածաշրջանային ինտեգրմանը, որը թույլ է տալիս առավել արդյունավետ կառավարել էներգետիկ հոսքերը:

Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը 2025-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա քայլերից։ Օգոստոսի 4-ին արբիտրաժը հաստատել էր ընկերության բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։ Նոյեմբերին, սակայն, ՀԾԿՀ-ն դադարեցրել էր ՀԷՑ-ի լիցենզիան։

Կարդացեք նաև՝ 

Դատարանը մերժել է ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ «Տաշիր Կապիտալի» ներկայացրած հայցը

Գործը դարձել է դասագրքային օրինակ. Ղազինյանը հայտնել է ՀԷՑ-ի պետականացման շուրջ բանակցությունները հետաձգելու մասին

ՀԾԿՀ-ն դատարանում չի հիմնավորել ՀԷՑ-ին վերագրվող խախտումների մեծ մասը․ «Տաշիր Կապիտալն» ակնկալում է անվաներ ճանաչել լիցենզիան դադարեցնելու որոշումը

Leave a Comment