Միջամտություն կա բոլոր կենտրոններից․ Մոսկվային մեղադրում են ներսում, հարաբերություններում՝ լռում, ինչը հարցեր է առաջացնում. Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպման երևացող և չերևացող կողմերը որո՞նք էին:

– Չերևացող կողմը ժամանակի ընթացքում մենք կարող ենք նշմարել կամ շոշափել, իսկ երևացող կողմն այն էր, որ Պուտինը փաստացի ներկայացրեց Ռուսաստանի պայմանները կամ ակնկալիքը Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերի շրջանակի վերաբերյալ՝ արձագանքելով թերևս մինչ այդ եղած հայտարարություններին, որ հնարավոր է խոչընդոտվի այն ուժերի մասնակցությունը, որոնք թերևս ընդդիմության առաջատար ուժերն են ու որոնք ներկայացվում են որպես Ռուսաստանի հետ սերտ հարաբերության կողմնակիցներ, կամ ինչպես Պուտինը հայտարարեց՝ Ռուսաստանի բարեկամներ: Տեսանք, որ շատ հստակ արտահայտվեց ակնկալիքը, որ Ռուսաստանն ուզում է, որ նրանց մասնակցությունը չխոչընդոտվի: 

Գիտենք, որ Հայաստանում շատ է քննարկվում մոլդովական սցենար ասվածը, ու ոչ միայն Հայաստանում է քննարկվում, այլ նաև ԵՄ-ի հետ հարաբերություններում շատ է օգտագործվում մոլդովական փորձ ասվածը, ու այս տեսանկյունից, կարծում եմ, Ռուսաստանը պարզապես արձագանքեց հնարավոր ռիսկերին, հստակ ցույց տալով, որ իր համար դա կլինի որոշակի կարմիր գիծ ընտրական գործընթացի առումով, ինչը կարող է բերել Հայաստանի հետ արդեն տնտեսական հարաբերություններում Ռուսաստանի կողմից արգելքների սահմանման: 

– Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ Հայաստանի ներսում գործող իշխանությունը Ռուսաստանին մեղադրում է հիբրիդային պատերազմի ու այլ գործընթացների մեջ, բայց երեկ, ինչպես տեսանք, Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, հաշվետվություն էր ներկայացնում Ռուսաստանի ղեկավարին:

– Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ նման հայտարարությունները պարզապես քարոզչական հնարք են ներքին օգտագործման համար, ու ամեն անգամ հայ-ռուսական շփումների ժամանակ մենք առիթ ունենում ենք դրանում համոզվելու: Տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն իր բացման խոսքում որևէ բառով անգամ չանդրադարձավ այն թեմային, որը ներքին խոսքում իշխանության պաշտոնական քարոզչության առանցքային թեմաներից մեկն է, եթե ոչ՝ ամենաառանցքայինը: 

 – Պարո՛ն Բադալյան, ստացվում է, որ իրականում չկա՞ այդ միջամտությունը:

– Միջամտություն կա բոլոր շահառու կենտրոններից, կա հետաքրքրվածություն, ու եթե նույնիսկ ակնհայտ դրսևորում չլիներ, չպետք է միամիտ լինել ու մտածել, որ Հայաստանի իշխանության ձևավորման հարցում աշխարհաքաղաքական կենտրոններն անտարբեր են: Մեր կարգի պետությունների նկատմամբ մշտապես կա այդ աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցությունը, դա ազդեցության պայքար է: Հարցն այն է, թե պետությունն ինչպե՛ս է վերաբերվում դրան, ու եթե դարձնում է ներքին պաշտոնական քարոզչության ու խոսույթի առարկա, բայց որևէ բառ չի օգտագործում նույն Մոսկվայի հետ հարաբերություններում, եթե հենց նրան են մեղադրում, սա բերում է այլ հարցերի, թե որքանո՛վ է այդ ամենը լուրջ:

– Արդեն կան կարծիքներ, թե Ռուսաստանն ուղիղ միջամտեց Հայաստանի ընտրական գործընթացին՝ խոսելով ընտրությանը մասնակցող ուժերի մասին, դուք և՞ս այդպես եք կարծում:

– Ռուսաստանը հայտարարում է այդ մասին, երբ Թուրքիան հայտարարել է Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու շահագրգռվածության մասին, երբ ԱՄՆ փոխնախագահը Հայաստանում հայտարարում է Փաշինյանի վերընտրության շահագրգռվածության մասին, երբ ԵՄ-ն բացահայտորեն խոսում է Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստանում իբրև թե այդ հիբրիդային գրոհներին հակազդելու մասին, երբ մի շարք արևմտամետ ուժեր բացահայտ կոչ են անում, որ պետքէ արգելել Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի մասնակցությունը ընտրություններին, ու երբ Հայաստանի որոշ պետական ինստիտուտներ քայլեր են կատարում, որոնք թույլ են տալիս մտածել, որ այդ արգելքներն ստեղծելու հիմքեր են ստեղծվում: 

Այս ամենից հետո Ռուսաստանը, բնականաբար, իր շահերը պետք է պաշտպանի, երբ տեսնում է, որ դրանք վտանգված են այլոց շահերի թելադրանքով: Այս պարագայում, երբ տեսնում ենք նրանց միջամտությունը, չպետք է զարմանալ, որ Ռուսաստանն էլ է փորձում միջամտել ու իր շահերը պաշտպանել: Պետք էր զարմանալ իմ հիշատակած հայտարարություններից սկսած, եթե զարմանում էին: Նորմալ չէ, երբ որևէ երկիր իրեն թույլ է տալիս այսպես վերաբերվել ու արտահայտվել Հայաստանի ընտրական գործընթացի վերաբերյալ, իսկ սա այն քաղաքականության հետևանքն է, որ իրեն թույլ է տվել պաշտոնական Երևանը: Այդ քաղաքականությունը ես կբնորոշեի այսպես՝ մանր շուստրիություն տարբեր կենտրոնների միջև, մինչդեռ նախկինում որևէ մեկն իրեն նման բան թույլ չէր տալիս՝ այսկերպ արտահայտվել Հայաստանի ընտրական գործընթացների վերաբերյալ:

– Պարո՛ն Բադալյան, իսկ այդ քաղաքականությունը այն ինքնիշխանությո՞ւնն է, որի մասին խոսում են Փաշինյանն ու իր թիմը:

– Հայաստանի ինքնիշխանության մասին լավագույնս խոսում է Իլհամ Ալիևը, պատկերավոր ասած իհարկե, շարունակելով Հայաստանին ներկայացնել պահանջներ, Նիկոլ Փաշինյանն էլ այդ պահանջների հանդեպ իր լոյալությունն է դրսևորում: Ալիևի պահանջով Հայաստանում դրված է Հայաստանի անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրությունից դուրս թողնելու հարցը, ավելին՝ Ալիևի պահանջով Հայաստանում կարող են հրաժարվել Արցախ անվանումը օգտագործելուց, էլ չեմ խոսում մյուս իրողությունների մասին: Ծայրահեղ միամիտ մարդը կարող է հավատալ, թե դա իրական ինքնիշխանություն է:

– Մոսկովյան այցի բուն նպատակը ո՞րն էր:

– Երևանը թերևս նպատակ ուներ իրեն հետաքրքրող որոշակի օրակարգերի նկատմամբ համաձայնություն ստանալ, բայց կարծես թե չի ստացվել, եթե ելնում ենք ռուսական կողմի հայտարարություններից: Ռուսական կողմի հիմնական ասելիքն էլ հենց դա էր, որ եթե ընտրական պրոցեսում գործնական քայլեր արվեն Ռուսաստանին խաղից դուրս թողնելու համար, ապա ինքն այդ դեպքում գործնական քայլեր կանի Հայաստանի իշխանության դեմ: Կրկնեմ՝ այդ տնտեսական հիշատակումները միտված էին դրան: Սա հրապարակային հատվածից բխող եզրակացություն է, իսկ թե ոչ հրապարակային հատվածում ի՛նչ են խոսել, բնականաբար, բարդ է ասել, բայց կարծում եմ, որ առանցքային խոսակցությունը եղել է հենց այդ ոչ հրապարակային զրույցի ընթացքում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Leave a Comment