«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը, անդրադառնալով լուրերին, թե իշխանությունը ԱԺ ընտրություններին ընդառաջ հնարավոր է, չգրանցի քաղաքական ուժին, նշել է, որ դա քիչ հավանական սցենար է։
«Ճիշտն ասած, մի քիչ դժվար իրականանալի սցենար է։ Այդ դեպքում արդեն ընտրությունների անցկացումն էլ կարող է կասկածի տակ դրվել՝ անկախ ամեն ինչից։ Ինչպե՞ս եք պատկերացնում, օրինակ, որ ամենամեծ ընդդիմադիր ուժին, որը բառացիորեն «հինգ րոպե պակաս» իշխանություն է, թույլ չտան մասնակցել ընտրություններին։ Այդ դեպքում ո՞վ կարող է ընդունել նման ընտրությունների արդյունքները։ Կարծում եմ, այդ քայլը նույնիսկ բռնապետությանը ձգտող իշխանության համար չափազանց մեծ ճոխություն կլինի»,- հավելել է նա։
Միևնույն ժամանակ Ղազինյանը նշել է, որ պատրաստ են բոլոր սցենարներին, ներառյալ՝ կուսակցությունը չգրանցելուն։ Ինչպե՞ս են պատրաստ՝ կուսակցության ներկայացուցիչը այս պահին չմանրամասնեց։
Ղազինյանը մեկնաբանել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կուսակցության «Մեր ձևով» հասարակական կազմակերպության կողմից ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու մեղադրանքներին։ Ղազինյանը տեղեկությունն «ամբողջությամբ կեղծ» է անվանել՝ շեշտելով, որ չեն վստահում այս իշխանությունների տրամադրած որևէ տեղեկատվության։
«Իսկ «սարքելու» հարցում, կարծում եմ, արդեն բոլորը տեսել են, որ նման կոմպլեքս նրանք չունեն»,- նկատել է Ղազինյանը։
Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստանի» քաղաքական խորհրդի որոշմամբ և Կարապետյանի հաստատմամբ կուսակցությունը չի իրականացնելու որևէ հակաիրավական գործողություն։
««Ուժեղ Հայաստանը» դարձել է մեծ կուսակցություն և օրեցօր աճում է։ Մենք կարող ենք ունենալ բազմաթիվ անդամներ, չենք բացառում նաև, որ կարող են լինել ներթափանցված մարդիկ կամ սադրանքներ։ Բայց մեր կուսակցությունը որևէ հակաիրավական գործողություն չի անում։ Մենք չենք դիմում ընտրակաշառքի, ֆինանսական խոստումների կամ նույնիսկ նմանատիպ փոքր մեթոդների», – շեշտել է նա։
Ղազինյանն ընդգծել է, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը շուրջ 30 տարի աջակցել է մարդկանց։
«Ընտրություններից առաջ ժամկետների փոփոխության արդյունքում այդ ծրագրերը սահմանափակվեցին, և դրա հետևանքով տուժեցին այն քաղաքացիները, ովքեր ամեն օր ստանում էին բժշկական օգնություն կամ ֆինանսավորում բուժման համար։ Այսօր մենք նույնպես շատ խիստ սահմանափակումների մեջ ենք գործում։ Եթե մեր շարքերում լինեն մարդիկ, որոնք կկատարեն որևէ հակաիրավական գործողություն, խնդրում եմ դրա մասին տեղեկացնել մեզ»,- հավելել է նա։
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը 2025 թվականի հունիսին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա քայլերից։ Օգոստոսի 4-ին արբիտրաժը հաստատել էր ընկերության բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։ Նոյեմբերին, սակայն, ՀԾԿՀ-ն դադարեցրել էր ՀԷՑ-ի լիցենզիան։
Կարդացեք նաև՝
