Ինդոնեզիան դատապարտել է Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափի պաղեստինցիների նկատմամբ մահապատժի մասին օրինագծի հաստատումը՝ այն համարելով «մարդու միջազգային իրավունքների և մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում»։ Այս մասին հայտնում է France 24-ը։
Մարտի 30-ին խորհրդարանում ընդունված օրենքի համաձայն՝ օկուպացված Արևմտյան ափի պաղեստինցիները, որոնք ռազմական դատարանների կողմից դատապարտվել են ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար, կենթարկվեն մահապատժի։
Օրենքը նաև քննադատության է արժանացել Միավորված ազգերի կազմակերպության և Եվրամիության կողմից, մինչդեռ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Իսրայելն ունի սեփական օրենքները որոշելու ինքնիշխան իրավունք։
Մեկ տարի շարունակ ծայրահեղ աջերը փորձում էին հասնել այս օրենքի ընդունմանը, որն ուղղված է իսրայելցիների դեմ ազգայնական հողի վրա կատարված հանցագործությունների համար ավելի խիստ պատիժ սահմանելուն։
Մահապատիժը տեղի կունենա կախաղանի միջոցով և կկիրառվի Արևմտյան ափի պաղեստինցիների նկատմամբ, որոնք դատապարտվել են ազգայնական դրդապատճառներով սպանությունների համար։ Օրենքը նաև թույլ է տալիս, որ իսրայելական դատարանները մահապատիժ կիրառեն Իսրայելի քաղաքացիների նկատմամբ, որոնք դատապարտվել են նման մեղադրանքներով։ Ըստ իրավական ոլորտի փորձագետների՝ այս ձևակերպումը նշանակում է, որ մահվան կդատապարտվեին Իսրայելի այն քաղաքացիները, որոնք պաղեստինցի են և ոչ թե հրեա։