Ռոսսելխոզնադզորը խնդիրներ է տեսնում Հայաստանից մատակարարվող ապրանքներում

Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն մատակարարվող բուսական և կենդանական ծագման ապրանքների նկատմամբ մի քանի տարի առաջ առաջացած պահանջները շարունակում են պահպանվել, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը:

Ըստ նրա՝ Հայաստանից ներկրվող ապրանքների տեսականին ու ծավալները հիմք են տալիս ենթադրելու, որ ոչ բոլոր այդ ապրանքներն ունեն հայկական ծագում: Գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ այս խնդրով Ռոսսելխոզնադզորը զբաղվել է նաև 2023 և 2024 թվականներին:

Դանկվերտը նշել է, որ խոսքը հիմնականում վերաբերում է ապրանքների մատակարարումների անտրամաբանական աճին: Որպես օրինակ նա բերել է ծաղիկների մատակարարումը, որը երեք տարվա ընթացքում Հայաստանն ավելացրել է 36 միլիոնից մինչև ավելի քան 100 միլիոն հատ: «Մենք ստիպված էինք ֆիտոսանիտարական հսկողությունը տեղափոխել սահմանին ավելի մոտ», – ասել է Դանկվերտը՝ հավելելով, որ մեծ քանակությամբ ապրանքներ չեն հասնում նախատեսված վայրեր:

Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է, որ անհրաժեշտ է ապրանքների ախտահանում իրականացնել, իսկ ծաղիկների դեպքում պետք է հավաստագրվեն արտադրության վայրերը:

Կենդանական ծագման ապրանքների մատակարարման հետ կապված խնդիրներին անդրադառնալով՝ Դանկվերտը նշել է, որ մատակարարվող ապրանքների մի մասը նույնպես կարող է ոչ հայկական ծագում ունենալ: Նա հատուկ առանձնացրել է կարագը, պանիրները և կարմրախայտ տեսակի ձուկը:

«Հայաստանի լեռնային գետերի կարմրախայտը ոչ մի կերպ չի կարող նմանվել նորվեգականին», – ընդգծել է Դանկվերտը:

Նրա խոսքով՝ այս ամենը հանգեցրել է Հայաստանից մատակարարումների նկատմամբ ավելի խիստ պահանջների կիրառմանը, այդ թվում՝ ապրանքների հետագծելիության ապահովման առումով:

Իրավիճակից ելքը Դանկվերտը տեսնում է ԵԱՏՄ շրջանակում անվտանգության վերահսկողության ինֆորմացիոն համակարգերի ինտեգրման միջոցով: «Էլեկտրոնային համակարգերը թույլ են տալիս արագ հետևել մատակարարվող ապրանքներին և ավելի արդյունավետ աշխատել», – ասել է նա՝ միաժամանակ նշելով, որ Միության շրջանակում դեռևս դա չի հաջողվում իրականացնել:

2025-ի ամռանը ստուգումներ էին սկսվել ծաղիկ աճեցնող ընկերությունների նկատմամբ ռուսական կողմի՝ բուսասանիտարական պահանջների վերաբերյալ կրկնակի զգուշացումներից հետո։

Leave a Comment