ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է խոշոր կաշառք ստանալու մեջ. Նախաքննությունն ավարտվել է

ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է խոշոր կաշառք ստանալու մեջ. Նախաքննությունն ավարտվել է

2 ապրիլի 2026 – 18:10 AMT

PanARMENIAN.Net – Քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության գլխավոր հարկային տեսուչի պաշտոնը զբաղեցրած անձը տնտեսվարողների օգտին ապօրինի գործողության և անգործության համար ստացել է խոշոր չափերի, ընդհանուր՝ 10,500 ԱՄՆ դոլար և 3,000,000 ՀՀ դրամ կաշառք, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը հասարակական կազմակերպությունում իրականացվող հարկային ստուգումը ՀԿ-ի օգտին անցկացնելու և առկա խախտումները չարձանագրելու համար կազմակերպության տնօրենից ընդունել է խոշոր չափերով՝ 8000 ԱՄՆ դոլար կաշառք տալու առաջարկը: Արդյունքում՝ հարկային տեսուչը տնօրենից 2025 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին մաս-մաս ստացել է կաշառքի ընդհանուր գումարից 6000 ԱՄՆ դոլարը։

Բացի այդ, հիշյալ պաշտոնատար անձը մեկ այլ ընկերությունում իրականացվող ստուգման ընթացքի մասին տեղեկացրել է նշված ընկերության տնօրենին և առկա խախտումները չարձանագրելու, ստուգումը հօգուտ ընկերության ավարտելու համար ՍՊԸ տնօրենից պահանջել է խոշոր չափերի՝ 2500 ԱՄՆ դոլար կաշառք»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նախաքննությամբ նաև պարզվել է, որ գլխավոր հարկային տեսուչը նույն ընկերության տնօրենի օգտին մեկ այլ դրվագում ապօրինի անգործություն է ցուցաբերել, մասնավորապես՝ չի արձանագրել խախտումները, չի իրականացրել առավել մանրակրկիտ ստուգում և փորձել է կանխել նյութերի հիմքով քրեական վարույթի նախաձեռնումը՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափերի՝ 3,000,000 ՀՀ դրամ կաշառք։

ՊԵԿ պաշտոնյային ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև կաշառք տված ընկերությունների ղեկավարներին։

Քրեական վարույթի նախաքննությունմ ավարտվել է, և գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment