Մերձավոր Արևելքում աշխատում են Հորմուզի նեղուցը շրջանցող խողովակաշարերի ծրագրերի վրա. FT

Հորմուզի նեղուցի փակումը Մերձավոր Արևելքի երկրներում ավելացրել է հետաքրքրությունը գազատարների և նավթատարների կառուցման նախագծերի նկատմամբ, որոնք թույլ կտան էներգառեսուրսներ արտահանել անկախ նեղուցում ստեղծված իրավիճակից, գրել է Financial Times-ը:

Ինչպես նշում է պարբերականը, նոր խողովակաշարերը կարող են տարածաշրջանի երկրների խոցելիությունը հաղթահարելու միակ միջոցը լինել, չնայած նման նախագծերի բարձր գնին և քաղաքական բնույթի բարդությանը, ինչպես նաև այն հանգամանքին, որ դրանց կենսագործումը տարիներ կպահանջի: Նախորդ նմանատիպ նախագծերը կանգ էին առել իրականացման դժվարությունների պատճառով:

Պարսից ծոցի երկրներից մեկի պաշտոնյայի խոսքով՝ տարբերակներից մեկը Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա (IMEC) տնտեսական միջանցքի ենթակառուցվածքային նախագծի ակտիվացումն է։

Ներկայում ակտիվ դեր է խաղում 1200 կիլոմետրանոց սաուդյան «Արևելք-Արևմուտք» նավթատարը, որը թույլ է տալիս օրական մինչև 7 միլիոն բարել նավթ տեղափոխել Կարմիր ծովի Յանբու էլ-Բահր նավահանգիստ:

Այնուամենայնիվ, ըստ FT-ի, գոյություն ունեն այնպիսի ռիսկեր, ինչպիսիք են իրաքյան տարածքում չպայթած զինամթերքը, «Իսլամական պետության» զինյալների և տարածաշրջանի այլ զինված խմբավորումների ակտիվությունը: Խնդիրներ կարող են առաջացնել նաև խողովակաշարերի քաղաքական վերահսկողության շուրջ վեճերը:

Մեկ այլ տարբերակ է խողովակաշարերն անցկացնել Օմանով, սակայն վերջինիս նավահանգիստները խոցելի են օդային հարձակումների համար, նշում է պարբերականը:

ԱՄԷ-ի էներգետիկ ոլորտի անանուն բարձրաստիճան աշխատակիցը հայտարարել է, որ Էմիրությունները միշտ ունեն «Պլան Բ»՝ խողովակաշարը տանել դեպի երկրի արևելք՝ Հորմուզի նեղուցից դուրս: Նա ճշտել է, որ դժվար թե այս հարցով որևէ որոշում կայացվի, քանի դեռ Հորմուզի նեղուցի հետ կապված երկարաժամկետ հատվածում իրավիճակը դեռևս անորոշ է։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։

Leave a Comment