Իրանի ենթակառուցվածքներին հասցված հարվածներն էլ ավելի շատ հարցեր են առաջացնում Կասպից ծովում Միջին միջանցքի մրցունակության վերաբերյալ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Իրանի ենթակառուցվածքներին հասցված հարվածներն էլ ավելի շատ հարցեր են առաջացնում Կասպից ծովում Միջին միջանցքի մրցունակության վերաբերյալ, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Կասպից ծովի ափամերձ հատվածում Իրանի ենթակառուցվածքներին հասցված վերջին հարվածները ոչ միայն չեն նպաստում Միջին միջանցքի զարգացման մեջ ներդրումներ անել ցանկացողների շարքերի համալրմանը, այլև ազդում են տվյալ ջրային տարածքի համար ծովային բեռնափոխադրումների և ապահովագրությունների արժեքի բարձրացման վրա: Այս բազմամոդալ երթուղու մրցունակությունը նախկինում էլ ցածր էր, իսկ հիմա այստեղ էլ ավելի շատ հարցեր են առաջացել»,- նշել է նա:
Նա նաև հայտարարել է, որ մարտի սկզբին Նախիջևանի տարածքին հասցված անօդաչու թռչող սարքերի հարվածներն անմիջապես ազդել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով փոխադրումների վրա: Այս իրավիճակը, ըստ Օվերչուկի, վստահություն չի հաղորդել Մեղրիի հատվածի վերականգնման մեջ ներդրումներ անելով հետաքրքրված ներդրողներին:
Իրանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին
Իսրայելը փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:
Նա հայտնել է Իրանի հրթիռային արդյունաբերությունն ու ռազմածովային նավատորմը ոչնչացնելու, ինչպես նաև Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը բացառելու ծրագրերի մասին: Ավելի ուշ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ:
Իրանի պետական հեռուստատեսությունը փետրվարի 28-ին հայտնել է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին՝ իր նստավայրին հասցված ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով. երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդի իրավահաջորդի գլխավոր թեկնածուն է։
Իրանի Փորձագետների խորհուրդը մարտի 9-ին երկրի նոր գերագույն առաջնորդ է ընտրել սպանված Ալի Խամենեիի որդուն՝ Մոջթաբա Խամենեիին։