2 ապրիլի 2026 – 16:53 AMT
PanARMENIAN.Net – Հսկող դատախազը չի բողոքարկել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացնելու որոշումը, հայտնում է Factor.am-ը։
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելու հիմքը Հակակոռուպցիոն դատարանի որոշման կայացման պահին արդեն իսկ վերացած է եղել, ուստի՝ հսկող դատախազը Դատարանի հիշյալ որոշումը չի բողոքարկել»,- հայտնել են կառույցից։
2026 թվականի փետրվարին, Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը, քննելով պաշտպանների ներկայացրած բողոքը, պարտավորեցրել է վարույթն իրականացնող մարմնին վերացնել Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։
Չնայած դրանից հետո Դատախազությունը լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտնել էր, որ պատրաստվում է բողոքարկել որոշումը, այն փաստացի չի իրականացվել։
Այս պահին Սերժ Սարգսյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է երեք գործ, ևս մեկը Հակակոռուպցիոն կոմիտեում է։
Այն բանից հետո, երբ դատարանում գտնվող գործերով դատավորները որոշել էին վերացնել Սարգսյանի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը, և, փաստացի, ստեղծվել էր իրավիճակ, որ այդ գործերով նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէր, Դատախազությունը Սարգսյանի նկատմամբ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործով հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում էր կայացրել։
Սարգսյանի նկատմամբ կրկին խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։ Հենց այս որոշումն էր բողոքարկվել դատարանում, որով դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել Սարգսյանի խափանման միջոցը։