Երևանն ու Մոսկվան շարունակելու են քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի շուրջ

Երևանն ու Մոսկվան շարունակելու են քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի շուրջ

2 ապրիլի 2026 – 15:41 AMT

PanARMENIAN.NetԵրևանն ու Մոսկվան պայմանավորվել են շարունակել քննարկումները հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի շուրջ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում:

Նա նշել է, որ Մոսկվա կատարած այցի ընթացքում ռուս գործընկերների հետ քննարկել է հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը Հայաստանի և Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող այլ երկրի փոխանցելու հարցը, հայտնում է Արմենպրեսը:

«Այո, այդ հարցը մանրամասն քննարկվել է, մենք մանրամասն զրույց ենք ունեցել, մեր դիրքորոշումները և տեսակետները ներկայացրել ենք, լսել ենք ռուսաստանցի գործընկերների դիրքորոշումները, և պայմանավորվել ենք քննարկումները շարունակել։ Քննարկումների իմաստը հետևյալն է. խնդիրը ձևակերպված է ընդամենը մեկ նախադասության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունն այս պայմաններում իր մրցակցային պոտենցիալ առավելությունները կորցնում է։ Մեր խնդիրն է, որ Հայաստանը իր մրցակցային պոտենցիալն ամբողջությամբ իրացնելու հնարավորություն ստանա։ Մենք Ռուսաստանի հետ կապված ոչ միայն խնդիր չունենք, այլև բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները և որևէ կերպ չենք ուզում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին։ Բայց մյուս կողմից այս իրադրությունը մեր մրցակցային առավելություններն օգտագործելու հնարավորություն չի տալիս, և մենք միասին պետք է մտածենք, թե ինչ լուծում ենք գտնում»,- ասել է վարչապետը։

Հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի որևէ երկրի փոխանցելու առաջարկն ավելի վաղ արել էր հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ռուսական կողմի կառավարման պայմաններում հայկական երկաթուղին զրկվում է որոշ մրցակցային առավելություններից, քանի որ կան երկրներ, որոնք հրաժարվում են օգտվել հայկական երկաթուղու հնարավորություններին այն պատճառով, որ դրա կառավարումը իրականացնում է Ռուսաստանը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ապրիլի 2-ին հայտարարել է, որ հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ չկա։

Leave a Comment