«Բոլորին դեմ եմ» և Նժար շարժումները միավորվել են

«Բոլորին դեմ եմ» և Նժար շարժումները միավորվել են

2 ապրիլի 2026 – 15:20 AMT

PanARMENIAN.Net«Բոլորին դեմ եմ» շարժումը միավորվել է Նժար սահմանադրական շարժման հետ՝ նպատակ ունենալով համատեղ քայլերով ազդել քաղաքական գործընթացների վրա։

Նշվում է, որ այս միավորումը բազմաթիվ քննարկումների և ծավալուն աշխատանքի արդյունք է:

«Շարժումը համաձայնություն է ձեռք բերել Նժար Սահմանադրական շարժման հետ՝ մեր հռչակագրի և առաջարկվող ծրագրի շուրջ միավորվելու վերաբերյալ։ Նժար սահմանադրական շարժումը միանալով հայտարարում է, որ շարժման երկարաժամկետ նպատակներին հասնելու ճանապարհին սա առաջին քայլն է:

Այս միավորումը բազմաթիվ քննարկումների և ծավալուն աշխատանքի արդյունք է։ Այդ քննարկումները ցույց տվեցին, որ Հայաստանում միահեծան իշխանության ձևավորման դեմ մեր պատկերացումները համահունչ են։ Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին ցուցաբերած վստահության համար և բարձր ենք գնահատում նրանց պատրաստակամությունը՝ Հայաստանում բալանսավորված կառավարմանն ուղղված իրենց նորարարական գաղափարների իրականացումը ժամանակավորապես հետաձգելու և այս փուլում ջանքերը կենտրոնացնելու քաղաքական համակարգի համատեղ առողջացման վրա:

Այս միավորումը գալիս է ապացուցելու 2 կարևորագույն հանգամանք. Նույնիսկ ներկայիս բևեռացված և գերլարված իրականության մեջ հնարավոր է մի կողմ դնել գաղափարական տարաձայնությունները և սեփական ամբիցիաները։ Հայաստանի ապագայի համար կարևորագույն հարցերի շուրջ միավորման միակ ճանապարհը ոչ թե բարդ և ծավալուն օրակարգերի ձևավորումն է, այլ այդ հարցերի բաժանումը ավելի փոքր առաջադրանքների և դրանց լուծման շուրջ՝ արժեքների և սկզբունքների մակարդակում միավորվելը։ Այս գիտակցումով մենք փորձել ենք համախմբել Հայաստանի քաղաքական դաշտը և հասնել բացառիկ կոնսոլիդացիայի՝ հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ։

Հարկ ենք համարել ևս մեկ անգամ նշել, որ «Բոլորին դեմ եմ» հռչակագրի շրջանակում անհատներն ու թիմերը միավորվել են կոնկրետ նպատակի և սկզբունքների շուրջ՝ միևնույն ժամանակ ազատ լինելով շարունակել աշխատել իրենց առանձին օրակարգերի և դրանց տարածման ուղղությամբ։ Առաջարկը շատ պարզ է․ զիջել այս ընտրական ցիկլը, օգտագործել այն միասին ավելի արդար ընտրական համակարգ և դաշտ ստեղծելու համար և ընդամենը 100 օր անց ավելի մեծ հավանականությամբ պայքարել սեփական օրակարգի համար»,- ասված է «Բոլորին դեմ եմ» շարժման տարածած հաղրդագրության մեջ։

ՀՀ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 7-ին:

Leave a Comment