«Ես գտա իմ սեփական ձայնը». Ալինա Ակոբյանի պատմությունը՝ հայրենադարձության և «բուժող» կամավորության մասին . «Սփյուռքի ձայնը»

Երբեմն հայրենիք վերադառնալու համար պետք է ոչ միայն հաղթահարել հազարավոր կիլոմետրեր, այլև գտնել սեփական ինքնությունը, որը տարիներ շարունակ թաքնված է եղել օտար լեզվի և մշակույթի շերտերի տակ։ Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Ալինա Ակոբյանի պատմությունը հենց այդպիսին է՝ զգացմունքային, փնտրտուքներով լի և, վերջապես, տունդարձի հաղթանակով պսակված։

«Ես ամաչում էի, որ հայերեն չգիտեմ»

Ալինան Հայաստանից հեռացել էր դեռ վաղ մանկության տարիներին։ Նրա ինքնությունը ձևավորվել էր երկու տարբեր աշխարհների արանքում. հայրը հայ է, մայրը՝ ռուս։ Մեծանալով ռուսալեզու միջավայրում՝ նա իրեն օտար էր զգում սեփական արմատներից, իսկ տանը հնչող ռուսերենն ավելի էր հեռացնում հայկական ակունքներից։

«Ծիծաղելի է, բայց ես շատ էի տխրում, որ շեկ եմ ու սև չեմ՝ հայերի նման։ Ես ինձ հայ չէի զգում, չգիտեի լեզուն, պատմությունը, մշակույթը… և ես ամաչում էի դրա համար»,- անկեղծանում է Ալինան։

Չնայած մայրը ռուս է, նա միշտ սիրով է լցված եղել Հայաստանի հանդեպ և խրախուսել է դստեր վերադարձը։ Արյան կանչն ավելի ուժեղ գտնվեց։ Երեք տարի առաջ նա կայացրեց իր կյանքի ամենակարևոր որոշումը՝ վերադառնալ այնտեղ, որտեղ ծնվել է, քանի որ, ինչպես ինքն է ասում. «Ուրիշ տեղ տեղափոխվելու տարբերակ չկար, ամենատրամաբանականը հայրենիքն էր»։

AVC. կամուրջ դեպի նոր կյանք

Հայաստանում հաստատվելու և միջավայրին ինտեգրվելու ճանապարհին Ալինայի համար բեկումնային եղավ Հայ կամավորների միությունը (Armenian Volunteer Corps — AVC)։ Այս կառույցը դարձավ այն հարթակը, որտեղ Ալինան կարողացավ իր մասնագիտական հմտություններն ու ներքին էներգիան ծառայեցնել հայրենիքին։ Կամավորությունը AVC-ի հետ նրա համար դարձավ ոչ միայն աշխատանք, այլև տեղացիների հետ շփվելու և «օտարի» պիտակից ազատվելու լավագույն միջոցը։

Այսօր Ալինան AVC-ի միջոցով կամավորում է միանգամից երեք տարբեր ոլորտներում.

  • Իր տեսախցիկի միջոցով աշխարհին է ներկայացնում Հայաստանի գեղեցկությունը,
  • Օգնում է զարգացնել վավերագրական կինոն «ArmDoc»-ում,
  • Նորարարական մեդիա-նախագծեր է իրականացնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։

«AVC-ն հնարավորություն է տալիս տարբեր մարդկանց փորձել իրենց ուժերը, ստեղծել նոր կյանք այստեղ։ Ես AVC-ի շնորհիվ ինձ գտա՝ մշակույթով, երգով… այդպես ես գտա իմ սեփական ձայնը»,— նշում է նա։

Կամավորությունը՝ որպես բժշկություն

Ալինայի համար կամավորությունը ոչ միայն աշխատանք է, այլև հոգևոր վերածնունդ։ Նա վստահ է, որ Հայաստան եկող յուրաքանչյուր սփյուռքահայ իր հետ բերում է «նոր շունչ» և «նոր ուժ»։ Նա պատմում է մի դրվագ իր կյանքից, որը դարձել է իր նշանաբանը.

«Կամավորությունը բուժում է։ Երբ դու ինչ-որ լավ գործ ես անում, մոռանում ես քո բոլոր խնդիրները։ Եթե կարծում եք, որ կյանքում ինչ-որ հարցեր ունեք, կամավորությունը ձեզ շատ կօգնի»։

Հայերենը՝ որպես տուն վերադառնալու բանալի

Այսօր Ալինան արդեն խոսում է հայերեն։ Նա սովորել է տառերը, հաղթահարել է ամոթի պատնեշը և սկսել է երգել հայկական ավանդական երգեր։ Նրա համար լեզուն սոսկ հաղորդակցման միջոց չէ, այլ հայրենիքի հետ կապված լինելու ամենազգացմունքային թելը։ Նա այլևս չի վախենում իր «օպտիմիզմով զզվեցնելուց», քանի որ գիտի՝ Հայաստանին հենց այդպիսի նոր ու վառ էներգիա է պետք։

«Ես ուզում եմ մնալ, ուզում եմ իմ լեզվով խոսել, իմ լեզվով երգել և իմ լեզվով լիքը բաներ անել Հայաստանի համար»։ Ալինա Ակոբյանի հայրենադարձությունը միայն անձնագրային փոփոխություն չէ, այլ ներքին լույսերը բացելու և սեփական արմատներին տեր կանգնելու խիզախություն։ Նրա պատմությունը ուղերձ է բոլորին. «Մի՛ ամաչեք, որ դուք ուրիշ եք։ Գտեք ձեզ նոր տեղում, բայց՝ տանը։ Եկե՛ք Հայաստան»։

Leave a Comment