Շահրամանյան․ Արցախին առնչվող բոլոր հարցերը քննարկվել են ՀՀ ղեկավարության հետ

Շահրամանյան․ Արցախին առնչվող բոլոր հարցերը քննարկվել են ՀՀ ղեկավարության հետ

2 ապրիլի 2026 – 14:26 AMT

PanARMENIAN.NetԱրցախին առնչվող բոլոր հարցերը քննարկվել են ՀՀ ղեկավարության հետ, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը:

Նա նաև «զառանցանքներ» է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե արցախցիների ղեկավարության կռվելու մասին պնդումներն իրականությանը չեն համապատասխանում, հայտնում է «Ազատությունը»:

Նրա գնահատմամբ՝ նման «սադրիչ» ձևակերպումները նպատակ են ունեն հասարակության ներսում բաժանումներ առաջացնել և անհանդուրժողականություն խորացնել։

Փաշինյանն ասել է․ «Այս միֆերը՝ կռվել են մինչև վերջ և այլն, սուտ են, չի եղել այդպիսի բան, փախել են, ճողոպրել են»: Նա նաև ասել էր՝ անհրաժեշտ լինի, այդ մասին տվյալները կգաղտնազերծի:

Շահրամանյանը նշել է, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում քաղաքական և դիվանագիտական առաջնագծում գտնվել են հենց Հայաստանի գործող իշխանությունները:

«Իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում, և հայ ժողովուրդը կորցրել է Արցախը»,-ասել է նա:

2023 թվականին՝ սեպտեմբերյան ադրբեջանական հարձակման ընթացքում, վարչապետը վստահեցրել էր, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չի ունեցել և ներգրավված չի եղել ռազմական գործողություններում։

Շահրամանյանը նշել է, որ Հայաստանի անվտանգությունը առաջնահերթ է, իսկ արցախցիները փորձում են խուսափել ռազմական լարվածությունից, միաժամանակ պահպանում են իրենց վերադարձի միջազգային իրավունքը բարձրաձայնելու իրավունքը։

Անդրադառնալով այն պնդումներին, թե Արցախը լուծարվել է իր հրամանագրով, իսկ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել ոչ թե սեփական որոշմամբ, այլ ճնշման արդյունքում՝ Շահրամանյանը պարզաբանել է, որ Հարությունյանը շրջափակման ընթացքում մի քանի անգամ է նման որոշում կայացնելու փորձ կատարել։

«Վերջին անգամ, որ Արայիկ Հարությունյանը բարձրացրեց այդ հարցը, որ պետք է հրաժարական տա և հիմնավորում էր, որ կորցրել է վստահությունը ժողովրդի առաջ, չունի այն ռեսուրսը, որ իրականացնի գործողություններ, որոնք դուրս կբերեն Արցախն այդ իրավիճակից, որևէ ճնշում Արայիկ Հարությունյանի նկատմամբ քաղաքական գործիչներից ես չեմ տեսել», – վստահեցրել է նա:

Արցախի նախագահը հրաժարական է տվել 2023 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ընդգծելով, որ այդ որոշումը եղել է բացառապես իրենը։ Նա նաև պարզաբանել է, որ ստեղծված պայմաններում անհրաժեշտ է եղել մոտեցումների փոփոխություն և դերակատարների վերադասավորում։ Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Արցախում իշխանափոխությունը կազմակերպվել է նախկինների կողմից, իսկ ադրբեջանական ռազմական գործողություններից հետո հենց նրանք են իրականացրել նաև Արցախի լուծարումը։

Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի խորհրդարանը նախագահ է ընտրել Սամվել Շահրամանյանին։ Սեպտեմբերի 19-ին, այսինքն՝ ընտրությունից տասն օր անց, Ադրբեջանը հարձակվել է Ղարաբաղի վրա, ինչից հետո Շահրամանյանը ստորագրել է Արցախի լուծարման մասին հրամանագիրը։

Leave a Comment