Կալանավորված Դավիթ Մինասյանի մայրը դիմել է ԿԳՄՍ նախարարին – armeniatoday.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի վարույթով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի մայրը՝ Գայանե Մինասյանը, դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։ Նրա դիմումը հրապարակել է Մինասյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Տղայի մայրը նախարարից խնդրել է երաշխավորություն տալ առողջական խնդիրներ ունեցող որդու կալանքը փոխելու համար։

Մինասյանի մայրը նախարարին հիշեցրել է, որ իր կողմից որդուն 2023 թվականին տրվել է հիմնական կրթության գերազանցության վկայական, որը փաստաբանը նույնպես հրապարակել է։

Մինասյանի և Փաշինյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել մարտի 29-ին՝ Սուրբ Աննա եկեղեցում պատարագին։ Ըստ տեսանյութերի՝ պատարագի ընթացքում նա Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել», երբ վարչապետն անվտանգության աշխատակիցների ու մյուս պաշտոնյաների հետ փորձում էր դուրս գալ եկեղեցուց՝ պատարագը դեռ չավարտված: Արդյունքում՝ քաշքշոց էր սկսվել։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել էին Մինասյանը, իր երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը։

Միջադեպի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել, ավելի ուշ նրանց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել։ Միքայել Մինասյանը և Գևորգյանն ազատ էին արձակվել մարտի 31-ին՝ գրավի ու բացակայելու արգելքի հիմքով, իսկ Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել։ Ապրիլի 1-ին Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, նրան ավելի ուշ հիվանդանոց, իսկ հետո կրկին ՔԿՀ էին տեղափոխել։

Կարդացեք նաև՝ 

Երևանում եկեղեցու բակից ձերբակալված եղբայրների առողջական վիճակը թույլ չի տալիս գտնվել անազատության մեջ. փաստաբան

Leave a Comment