Մինչև 1 տարեկան երեխաներն ու առցանց տաքսու վարորդները կներառվեն ապահովագրության համակարգում

Նոր նախագծով անհատ ձեռնարկատերերը ապահովագրավճարները կկարողանան վճարել ոչ թե միանգամից, այլ մասերով՝ ամեն ամիս։ Բացի այդ, սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ բժշկական ծառայությունների համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելու կամ ծառայությունները մերժելու դեպքում։

Կառավարության նիստում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ նախաձեռնությունը պայմանավորված է համակարգի ներդրումից հետո քաղաքացիների արձագանքները հաշվի առնելով և առաջին եռամսյակի փորձը վերլուծելով։

Նախարարի ներկայացմամբ՝ համակարգի շրջանակում արդեն գրանցվել է շուրջ 277,479 բուժայց, 105,670 հիվանդանոցային դեպք, իսկ 65+ տարիքային խմբից 221,361 մարդ օգտվել է համակարգից։ Միայն այս խմբի բուժսպասարկման համար պետությունը, նրա խոսքով, ծախսել է 28 մլրդ 438 մլն դրամ։

Նա նաև նշել է, որ 361 թոշակառու ստացել է ավելի քան 4 մլն դրամ արժեքով բուժօգնություն, 89,265 մարդ՝ 2–4 մլն դրամի, իսկ հազարավոր քաղաքացիներ՝ մինչև 1 մլն դրամի ծառայություններ։

Երևանում առցանց տաքսու վարորդները փետրվարի 18-ին բողոքի ակցիա էին անցկացրել, նրանց պահանջներից մեկը համընդհանուր ապահովագրության համակարգում իրենց ներառելն էր։

Կարդացեք նաև՝

ԱՆ-ն հնարավոր է համարել օնլայն տաքսու վարորդներին վաղաժամ ներառել ապահովագրական համակարգում

Leave a Comment