2 ապրիլի 2026 – 13:43 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանում սպանված չեչեն աղջկա՝ Այշատ Բեյմուրադովայի գործով արձանագրվել է կարևոր զարգացում, հայտնել է փաստաբան Նարեկ Ալոյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նա նշել է, որ Քննչական մարմնի շտապողականությունն է հանգեցրել սպանված չեչեն աղջկա թաղման կազմակերպման որոշ թերությունների:
Բայմուրադովային հուղարկավորել են Հայաստանում՝ պետական միջոցներով, քանի որ նրա մարմինը հարազատները չեն տարել:
«Այշատ Բեյմուրադովայի սպանության գործով, հղում կատարելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, քննիչին միջնորդել էի նրա ընկերոջը ճանաչել տուժող (մահացած տուժողի փոխարեն տուժող) և մահացածի դին հուղարկավորության կազմակերպման համար տրամադրել նրան։
Քննիչը մերժել էր իմ միջնորդությունը։ Քննիչի մերժումը բողոքարկել էի դատախազին։
Դատախազը մերժել էր բողոքս։
Շարունակելով բողոքարկումը դիմել էի առաջին ատյանի դատարան։
Արդյունքում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը քննության առնելով իմ բողոքը, որոշեց այն ամբողջությամբ բավարարել։
Ցավոք, քննչական մարմինը շտապեց դատական ակտի հրապարակումից 3 ժամ առաջ պետության միջոցներով կազմակերպել Այշատ Բեյմուրադովայի հուղարկավորությունը…
Քննչական մարմնի շտապողականությունն էլ հանգեցրեց թաղման կազմակերպման մի շարք թերությունների։
Այս գործով միջազգային և տեղական տարբեր քաղաքական ամբիոններից, ինչպես նաև տարբեր իրավապաշտպանների կողմից հնչել են տարբեր կարծիքներ և գնահատականներ, որոնք չեմ ցանկանում մեկնաբանել։
Որպես տվյալ գործը վարող փաստաբան, ցանկանում եմ միայն մեկ արձանագրում կատարել. փորձը հերթական անգամ ցույց տվեց, որ իրավական հարցերը պետք է լուծել պրոֆեսիոնալ-իրավական տիրույթում։
Ցանկանալով մնալ ապաքաղաքական, պրոֆեսիոնալ-իրավական տիրույթում կոնկրետ այս գործով չեմ ցանկանում մեկնաբանել քննչական մարմնի կամ դատախազության պահվածքը, նույն կերպ չեմ ցանկանում մեկնաբանել ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի արձագանքն այս դեպքին, քանի որ բոլոր հարցերի գործնական, ապաքաղաքական, պրոֆեսիոնալ-իրավական պատասխանն իմ բողոքը բավարարելու մասին դատարանի որոշումն է»,-ասվում է գրառման մեջ:
Չեչնիայից Երևան տեղափոխված 23-ամյա Այշաթ Բայմուրադովան Երևանում անհետացել էր հոկտեմբերի 15-ին։ Նա հանդիպման էր գնացել Կարինա Իմինովայի հետ և չէր վերադարձել։ Մի քանի օր անց Բայմուրադովային հայտնաբերել էին մահացած։ Իմինովան երևում է այն տան անվտանգության տեսախցիկների արձանագրություններում, որտեղ սպանվել էր Բայմուրադովան։ Իրավապաշտպանների և լրագրողների տվյալներով, նրան ուղեկցել է չեչեն Սաիդ-Համզատ Բայսարովը։ Նա գործարար Ռուսլան Բայսարովի եղբորորդին է․ վերջինս երգչուհի Քրիստինա Օրբակայտեի կրտսեր որդու հայրն է, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մտերիմը։