Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ Հայաստանը էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր է. «Էներգառեսուրսը, առանց կառավարման, առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, երեկոյան գնում է՝ արևը։ Ունենք այնքան ռեսուրս, որ ՀՀ-ն առանց չափազանցության կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր։ Կարող ենք ստեղծել իրավիճակ, երբ էլեկտրաէներգիա ներմուծելու անհրաժեշտություն չունենանք»,- նշել է վարչապետը։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հավելել է արևային կայանների մասին՝ նշելով, որ 15 կՎտ հզորությամբ կուտակիչ կամ արևային կայանի արտադրած էներգիան բավարար է մեկ առանձնատան համար։
«Այդ թվում ձմեռային ամիսներին բավարար է տան ջեռուցման համար, ինչպես նաև ամառային ամիսներին սառեցման կարիքները հոգում է էլեկտրաէներգիայով, այլ ոչ թե գազով։ Եթե մի ընտանիք շահագործի նաև մեկ էլեկտրոմոբիլ, ապա 15 կՎտ հզորությամբ արևային կայանը թույլ է տալիս լայնորեն կիրառել»,- ասել է նա։
Նշենք, որ կառավարությունում քննարկվում է Էներգետիկայի մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում են կարգավորումներ նաև էներգետիկայի պահեստավորման հարցում։
