
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրականացման համաձայնագրի ստորագրումը խախտել է Հարավային Կովկասի տարածաշրջանային հավասարակշռությունը, ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Խնդիրն այն է, որ այս ստորագրություններն ավելի խորքային գործընթացներ սկսեցին։ Դրանք խախտեցին տարածաշրջանային հավասարակշռությունը, որը գոյություն ուներ 1828 թվականից, երբ ստորագրվեց Թուրքմենչայի պայմանագիրը», – ասել է նա։
Օվերչուկը նշել է, որ այդ ժամանակ Երևաանի և Նախիջևանի խանությունները անցան Ռուսական կայսրությանը, և սահմանը հաստատվեց աշխարհագրական սահմանի՝ Արաքս գետի երկայնքով։ Այդ ժամանակից ի վեր դա ընդհանուր առմամբ խաղաղ սահման է եղել, ինչն ապահովվել է երկու մեծ հարևանների պայմանավորվածություններով, հավելել է նա։
Փոխվարչապետը շեշտել է, որ Ռուսաստանի մասնակցությունը փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբին թույլ էր տալիս հավասարակշռել այնտեղ ներկա բոլոր երկրների շահերը՝ հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունը, իրավասությունը, տարածքային ամբողջականությունը և տնտեսական շահերը: «Ադրբեջանը կառուցողական էր տրամադրված, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որն արդեն բանակցություններ էր վարում ԵԱՏՄ-ի հետ շուկաների փոխադարձ բացման շուրջ, չէր զգում այն սպառնալիքները, որոնք բերեց ամերիկացիների հրավերը Արաքսի հյուսիսային ափ», – նշել է նա:
«Հիմա Հայաստանը հայտարարել է, որ այդ նախագիծն իրականացվելու է առանց Ռուսաստանի, Թուրքիայում արդեն սկսել են միջոցներ ծախսել դեպի Նախիջևան երկաթգծի կառուցման համար, իսկ Մեղրիի հատվածի վերականգնման հեռանկարներն այնքան էլ ակնհայտ չեն։ Այս ամենը ճնշում է ստեղծում Հայաստանի վրա։ Ապաշրջափակման բանակցային գործընթացում Ռուսաստանին չներառելու ցանկությունը մեծ սխալ էր» – նշել է Օվերչուկը։