Փաստերի անհամապատասխանություն՝ ռուսական բիզնեսի անվտանգության շուրջ ՀՀ հայտարարություններին. Օվերչուկ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է Հայաստանում ռուսական բիզնեսի համար առկա ռիսկերի, Երևանի հետ ապրանքաշրջանառության կրճատման և ԵԱՏՄ-ում արտահանման աճի մասին։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նա մատնանշել է հայկական իշխանությունների հայտարարությունների և ռուսական ընկերությունների նկատմամբ փաստացի գործողությունների միջև առկա անհամապատասխանությունը, հայտնել է գործակալությունը։

Ըստ նրա՝ չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, թե հանրապետությունում ռուսական բիզնեսին ոչինչ չի սպառնում, «փաստերը հակառակի մասին են խոսում»։ Օվերչուկը նշել է, որ նախկինում խախտվել են էլեկտրաէներգետիկայի ոլորտի ռուս ձեռնարկատիրոջ սեփականության իրավունքները, իսկ ներկայումս ռուսական պետական ընկերությանն առաջարկվել է վաճառել երկաթուղային կոնցեսիան։

«Մենք տեսնում ենք, որ մեզ ասվում է մեկ բան, բայց գործնականում տեղի է ունենում բոլորովին այլ բան»,- ընդգծել է նա։

Օվերչուկն առանձին անդրադարձ է կատարել Մեծամորի ՀԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Մոսկվան «չի կարող չնկատել» տեղի ունեցողը։ Ըստ նրա՝ ատոմային էներգետիկայի ապագայի անորոշությունը և արտասահմանյան գործընկերների հետ զուգահեռ բանակցությունները կարող են ազդել երկրի ներդրումային գրավչության վրա։ Փոխվարչապետը նաև հավելել է, որ Հայաստանում, հատկապես ԵՄ-ի հետ մերձեցման կուրսի ֆոնին, կան ուժեր, որոնք շահագրգռված են ռուսական տնտեսական ներկայության կրճատմամբ։

Օվերչուկը փաստել է, որ նման ազդակներն արդեն անդրադառնում են գործարար ակտիվության վրա. ռուսական բիզնեսը «զգուշավորությամբ» է վերաբերվում Հայաստանի հետ աշխատանքին։ Նա ներկայացրել է տվյալներ, համաձայն որոնց՝ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 12 մլրդ դոլարից կրճատվել է մինչև 6,4 մլրդ՝ դա կապելով նաև եվրոպական ինտեգրման մասին հայտարարությունների հետ։ Խոսելով արտաքին առևտրի կառուցվածքի մասին՝ նա նշել է, որ 2015-ից ի վեր Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 12,5 անգամ, մինչդեռ դեպի ԵՄ՝ 1,53 անգամ, իսկ ԱՄՆ՝ 2,2 անգամ։ Նրա գնահատմամբ՝ սա վկայում է այն մասին, որ հայկական բիզնեսը «իրականում վաստակում է ԵԱՏՄ շուկաներում»։

Բացի այդ, Օվերչուկը հայտարարել է, որ արևմտյան երկրները «պրոֆեսիոնալ կերպով գայթակղում են» Հայաստանին, և դա «առայժմ աշխատում է»։ Նա ընդգծել է, որ Մոսկվան չի խոչընդոտում Երևանի կապերի զարգացմանը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ, սակայն կարծում է, որ մի շարք որոշումներ կարող են լինել «արտաքուստ արդյունավետ», բայց երկարաժամկետ հեռանկարում տնտեսական վնաս կհասցնեն։ Մեկնաբանելով ներդրումային միջավայրը՝ նա մատնանշել է էներգետիկ հատվածի հետ կապված որոշումների ֆոնին ռիսկերի աճը՝ նշելով, որ մասնավոր սեփականության առգրավումը երկիրը գրավիչ չի դարձնում ներդրողների համար։

Փոխվարչապետը նաև կասկածամտորեն է արտահայտվել Հայաստանում արևմտյան տվյալների մշակման կենտրոնների (data-center) շինարարության հեռանկարների վերաբերյալ՝ նշելով, որ նման նախագծերը ստեղծում են սահմանափակ թվով աշխատատեղեր և կարող են նպաստել էլեկտրաէներգիայի գների աճին։ Նա եզրափակելով ասել է, որ Հայաստանը «շատ է մոտեցել այն կետին», որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի նորովի կառուցել տնտեսական հարաբերությունները հանրապետության հետ՝ հաշվի առնելով կոնցեսիայի հնարավոր վաճառքը և ԵՄ-ի հետ մերձեցման կուրսը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ին Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ 2024 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 11 մլրդ դոլար, իսկ 2025 թվականին՝ 6,4 մլրդ դոլար։ Միևնույն ժամանակ Պուտինը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Ադրբեջանի հետ այս ցուցանիշը կազմել է 4,9 մլրդ դոլար։ ՌԴ նախագահը նաև նշել էր, որ այսօր «գազի գները, օրինակ՝ Եվրոպայում, գերազանցում են 600 դոլարը՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, մինչդեռ Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է 177,5 դոլարով»։ Նա հավելել էր, որ «տարբերությունը մեծ է և էական»։

Leave a Comment