Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի կարգ: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է Իր աշակերտների ոտքերը

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ավագ Հինգշաբթին, այն նվիրված է վերջին ընթրիքին՝ իբրև Ս. Հաղորդության խորհրդի հաստատում: Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:
Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի կարգ: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է Իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով:
Ավագ Հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, անարգվելը, Պետրոսի ուրանալը: Արարողության ընթացքում խորանի վրա վառվում է 13 մոմ, 12-ը` փոքր, և 1 մեծ մոմ՝ կենտրոնում: Ավետարանական ընթերցումների ժամանակ հերթով հանգցվում են 12 առաքյալներին խորհրդանշող մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը` խորհրդանշելով մենակ մնացած Քրիստոսին: