Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ապրիլի 1-ին 2 ամսով կալանք սահմանեց Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կիրակի օրը ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ։
Հրապարակ թերթը գրել է․ Ոմանք հույս էին փայփայում, որ դատավորը չի գնա այդ քայլին, որովհետեւ իրականում ո՛չ հարված է եղել, ո՛չ տուժող կա գործում, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանի մազն է ծռվել: Իսկ եթե նա վիրավորվել է իր նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքից, ապա վիրավորանքն ապաքրեականացված է` նա կարող է քաղհայց ներկայացնել դատարան:
Մանավանդ՝ մեղադրանքը բացարձակապես հորինված է` եկեղեցում հնարավոր չէ քաղաքական գործունեությամբ զբաղվել, այն էլ՝ պատարագի ժամանակ, եւ «պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու» մասին չի կարող խոսք անգամ գնալ:
Քրօրենսգրքի այդ հոդվածի իմաստն իրավապահները կա՛մ չեն հասկացել, կա՛մ Փաշինյանից իջեցված ուղիղ հրահանգը կատարել են առանց մտածելու: Եվ եթե մարդը նախընտրական քարոզչություն է իրականացնում ու գնում է հանրության մեջ, ապա պետք է պատրաստ լինի, որ իրեն կարող են նաեւ վիրավորել, թքել իր վրա, անգամ փորձ անել խփելու, եւ դա չի կարող նրա «օրինական ծառայողական գործունեությանը միջամտություն» դիտվել:
Բայց եթե քննիչները ենթարկվում են վարչապետին հլու-հնազանդ ծառայող մարդկանց, ենթադրվում է, որ դատարանն այդպիսին չպետք է լինի, եւ Մնացական Մարտիրոսյանը պետք է մերժեր կալանավորման միջնորդությունը։ Սակայն, դատելով դատավոր Մնացի կենսագրությունից, սխալվում էին նման ենթադրություններ անողները:
2018-ից առաջ նախկին իշխանություններին հիմնավորապես ծառայած դատավոր Մնացական Մարտիրոսյանն իշխանափոխությունից հետո էլ շարունակեց պաշտոնավարել։ Թվում էր` հենց Նիկոլ Փաշինյանը նրան պետք է հեռացնի, որովհետեւ ժամանակին իր գործն է քննել, բայց նա արագ հասկացավ, որ Մնացին պետք չէ հեռացնել, այլ պետք է «օգտագործել»:
Ավելին` 2023թ․ նա նույնիսկ ստանձնեց Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնը։
Իսկ 2001թ. Մնացական Մարտիրոսյանը քննել է Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանի՝ Կուկուի գործը, երբ վերջինս մեղադրվում էր Պողոս Պողոսյանին ծեծելով սպանելու մեջ: Աղամալ Հարությունյանը դատապարտվեց պայմանական ազատազրկման։ Այս քրեական գործը վերաբացվել է 2018-ից հետո՝ նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա։
2006-ին Մնացական Մարտիրոսյանն է եղել Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի գործով դատավորը. ազատամարտիկները մեղադրվում էին իշխանափոխության կոչերի համար, Մարտիրոսյանը նրանց դատապարտեց ազատազրկման։
Մնացական Մարտիրոսյանը եղել է մարտի 1-ի իրադարձություններից հետո հայտնի «Յոթի գործով» դատավորը, որով մեղադրանքներ էին առաջադրվել Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին։ Տարիներ անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բեկանեց այս գործը՝ արձանագրելով, որ խախտվել են ընդդիմադիրների հիմնարար իրավունքները:
Մնացական Մարտիրոսյանն է Նիկոլ Փաշինյանին 2010 թվականին 7 տարվա ազատազրկման դատապարտել։ Այս գործով դատավճիռը եւս ՄԻԵԴ-ը տարիներ անց բեկանեց, եւ դրա հիման վրա վճռաբեկ դատարանն արդարացրեց Փաշինյանին, բայց նույնիսկ դա չստիպեց, որ Մնացին պատժեն` ՄԻԵԴ վճռի հիմքով, ինչպես արեցին Սուրեն Անտոնյանի դեպքում:
Իսկ 2018-ից հետո Մնացական Մարտիրոսյանը սկսեց հենց Նիկոլ Փաշինյանի կամքը կատարել: Նա էր քննում գեներալ Մանվել Գրիգորյանի «տուշոնկաների» գործը եւ գեներալին այնքան պահեց կալանքի տակ, որ բանը դատավճիռ արձակելուն չհասավ. Մանվել Գրիգորյանը դատաքննության փուլում մահացավ: Նոյեմբերի 5-ի գործով Ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի եւ մյուսների գործով դատավորը նույնպես եղել է Մնացական Մարտիրոսյանը։ 2022-ին նա էր քննում այն անհեթեթ մեղադրանքը, որի արդյունքում կալանավորվել էր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը եւ հենց Մնացի ներկայությամբ էլ դատարանում մահացավ։
Նրան մեղադրում էին Շիրակի եւ Արարատի մարզերի բնակիչների հասցեին հնչեցրած ինչ-որ արտահայտությունների համար, որոնցով ազգամիջյան թշնամանք է հրահրել։ 2022-ի հուլիսի 15-ին դատարանը պետք է քններ նրա կալանքի փոփոխման հարցը, նա շուրջ երկու ամիս կալանավորված էր։ Հենց նիստի ընթացքում Արմեն Գրիգորյանն ուշագնաց եղավ, եւ տեղ հասած շտապօգնության բրիգադն արձանագրեց Գրիգորյանի մահը։
Մնացական Մարտիրոսյանը նաեւ սիրում է մարդկանց կալանավորել` նա նախաքննական մարմնի միջնորդությունները ամենից շատ բավարարած դատավորներից է: Նրա որոշմամբ կալանավորվել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, անորակ զենքի մատակարարման գործով անցնող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, Աղվան Հովսեփյանը: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանին այդ գործով վերջերս դատարանն արդարացրեց: