«Արտեմիս-2»-ը ուղևորվեց դեպի Լուսին

ԱՄՆ-ի Քեյփ Քանավերալ տիեզերակայանից հաջողությամբ արձակվել է Orion նախագծի Integrity տիեզերանավը՝ չորս տիեզերագնացներով։ Թռիչքը իրականացվում է «Արտեմիս-2» առաքելության շրջանակում, որը նախատեսում է մարդկանց ուղարկել դեպի Լուսին՝ առաջին անգամ 1972 թվականից ի վեր։

Առաքելության ընթացքում նախատեսված չէ վայրէջք Լուսնի վրա։ Տիեզերանավը մոտ վեց օր անց կմոտենա Երկրի բնական արբանյակին և կանցնի նրա կողքով մոտավորապես 8 հազար կմ հեռավորությամբ՝ չմտնելով ուղեծիր։ Ամբողջ թռիչքը կտևի շուրջ 10 օր, որից հետո անձնակազմը կվերադառնա Երկիր։

«Արտեմիս-2»-ը դիտվում է որպես ԱՄՆ-ի նոր լուսնային ծրագրի առանցքային փուլ։ Թռիչքի ընթացքում փորձարկվելու են կյանքի ապահովման համակարգերը խորը տիեզերքում, և արդյունքները կարևոր նշանակություն կունենան ծրագրի հետագա փուլերի համար։ Ծրագրի ընդհանուր բյուջեն գնահատվում է մոտ 93 միլիարդ դոլար։

Առաքելության անձնակազմը բաղկացած է հրամանատար Ռեյդ Ուայզմենից, օդաչու Վիկտոր Գլովերից, մասնագետ Քրիստինա Քոչից և կանադացի տիեզերագնաց Ջերեմի Հանսենից: Թռիչքի ընթացքում Orion-ը կհեռանա Երկրից մինչև մոտ 400 հազար կմ և կանցնի ազատ վերադարձի հետագծով՝ ապահովելով վերադարձը առանց լրացուցիչ մանևրների։

Leave a Comment