ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի երկաթուղիների կոնցեսիայի հնարավոր վաճառքը կարող է հանգեցնել ռուսական բեռների կորստին և «Ռուսական երկաթուղիների» հետ փոխգործակցության դադարեցմանը, ինչպես նաև զգուշացրել է դրա հետ կապված ռիսկերի մասին: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Անդրադառնալով կոնցեսիայի հնարավոր փոխանցմանը՝ նա նշել է, որ որոշումը կարող է կայացնել միայն Հայաստանը, սակայն հավելել է, որ Ռուսաստանի բոլոր հարևանները, ներառյալ ԵՄ երկրները, շահագրգռված են ռուսական երկաթուղիների օգտագործմամբ, մինչդեռ Երևանը համագործակցության շարունակականությունը հարցականի տակ է դնում:
Օվերչուկը տեղեկացրել է, որ Մոսկվան զգուշացրել է «բարեկամ երկրներին», որոնց Հայաստանն առաջարկել է գնել կոնցեսիան, հնարավոր ռիսկերի մասին: Ըստ նրա՝ առաջարկվող վաճառքի հետևանքով հայկական ճանապարհը ոչ միայն կկորցնի ռուսական բեռները, այլև, ամենայն հավանականությամբ, փոխգործակցությունը «Ռուսական երկաթուղիների» հետ:
Նա նշել է, որ հաշվի առնելով տարածաշրջանի լոգիստիկայի վրա ազդող գործոնները՝ Միջին Ասիայի երկրներից դեպի Հայաստան ու Թուրքիա և հակառակ ուղղությամբ բեռնահոսքի զգալի մասը անցնելու է Ռուսաստանի տարածքով:
Օվերչուկի խոսքով՝ անհրաժեշտ է կարողանալ տեսնել մի փոքր ավելի հեռուն և կանխատեսել իրադարձությունների զարգացումը, հատկապես երբ խոսքը վերաբերում է այնպիսի երկարաժամկետ ներդրումներին, ինչպիսիք են նավահանգստային ենթակառուցվածքները և երկաթուղին:
ՌԴ փոխվարչապետը նաև ընդգծել է ներդրումային ռիսկերը՝ նշելով, որ ներկայիս օպերատորի մոտ հարցեր են առաջանում ենթակառուցվածքի ծանրաբեռնվածության և ներդրված միջոցների վերադարձի վերաբերյալ: Նրա պնդմամբ՝ նմանատիպ հարցեր են առաջանում նաև պոտենցիալ ներդրողների մոտ, որոնց Հայաստանն առաջարկում է դիտարկել կոնցեսիայի գնումը, և այդ հարցերն արդեն ուղղվում են Ռուսաստանին բարեկամ երկրների կողմից: Օվերչուկը չի համաձայնել «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարման ներքո գտնվող ճանապարհների ցածր արագության մասին պնդումներին՝ փաստելով, որ շարժման միջին արագությունը 2008 թվականի 26,4 կմ/ժ-ից 2025 թվականին հասել է 42,3 կմ/ժ-ի:
ՌԴ փոխվարչապըտը շեշտել է, որ Հայաստանը լեռնային երկիր է, և արագության բարձրացումը պահանջում է զգալի ներդրումներ, ինչն էլ իր հերթին կապված է սակագների բարձրացման կամ սուբսիդավորման անհրաժեշտության հետ, քանի որ հրաշքներ չեն լինում և միշտ անհրաժեշտ են ներդրումներ ու վստահություն դրանց վերադարձելիության հարցում:
Փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն առաջարկել է ռուսական կողմին դիտարկել կոնցեսիան բարեկամ երկրներին, այդ թվում՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին և Կատարին վաճառելու հնարավորությունը: Միևնույն ժամանակ նա նշել էր, որ ռուսական կոնցեսիան Հայաստանի համար ստեղծում է «որոշակի մրցակցային կորուստներ»:
