Դավիթ Մինասյանին կալանավորելու համար երեք հիմքն էլ նշել են՝ կարող է դիմել փախուստի, կարող է խոչընդոտել քննությանը և կարող է նոր հանցագործություն կատարել։ Այս մասին Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
«Դա արել են առանց որևէ հիմնավորման։ Իհարկե, չգիտեմ դատարանը հիմա ինչ որոշում է կայացրել երեք հիմքի մասով, բայց այս որոշման պարագայում ինձ թվում է մի չորրորդ հիմք էլ մտածած կլինեն, օրենքը երեք է նախատեսում, կարող է դատարանը չորրորդն էլ մտածած լինի»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է նրան, որ ըստ գործի նյութերի կազմակերպիչը գրավով ազատ է արձակվում, իսկ կատարող 18-ամյա Դավիթը կալանավորվել է, Էլբակյանն ասաց. «Ինձ թվում է իրենք էլ են հասկանում՝ դա այնքան մերկապարանոց մեղադրանք է, ի՞նչ կազմակերպիչ, ի՞նչ կատարող, ի՞նչ օժանդակող։ Միքայելն էլ իբրև օժանդակող է։ Իրենք էլ են ամեն դեպքում հասկանում, որ սա դատական վախճան չի ունենալու, սա ճակատագիր չունեցող գործ է։ Բնականաբար պետք է այդ կազմակերպիչը ինչ-որ գործողություններ արած լինի։ Կազմակերպչի համար օրենսդիրը հատուկ սահմանում է տալիս՝ ինչ պետք է արած լինեն, մինչդեռ այս մարդիկ իրար ընդհանրապես չեն ճանաչում, որևէ կապ չկա»,–ասաց նա։