
«Մեկնարկում ենք նոր ձևաչափով աշխատանք միջազգային համագործակցության ոլորտում։
Այսօր տեղի է ունեցել ՊԵԿ Միջազգային համագործակցության խորհրդի անդրանիկ նիստը։ Այս կարևոր նախաձեռնությունը միտված է միջազգային համագործակցության ոլորտում մեր աշխատանքների առավել համակարգված և արդյունավետ կազմակերպմանը։
Նիստին քննարկել ենք միջազգային համագործակցության շրջանակում առկա` մեր ռազմավարական ծրագրերից բխող կարիքներն ու մարտահրավերները, ներկայացրել դրանց հաղթահարման հնարավոր լուծումները։
Անդրադարձ ենք կատարել նաև Եվրասիական տնտեսական միություն, Անկախ պետությունների համագործակցություն և Համաշխարհային մաքսային կազմակերպություն հարթակներում ընթացող օրակարգային հարցերին և բարեփոխումներին՝ գնահատելով դրանց հնարավոր ազդեցությունը ՀՀ մաքսային և հարկային վարչարարության վրա։
Քննարկել ենք նաև ներկայում իրականացվող միջազգային ծրագրերի ընթացքը, արձանագրված առաջընթացն ու առկա խնդիրները:
Ամփոփելով նիստի արդյունքները՝ կարևորել եմ նման ձևաչափով հանդիպումների շարունակականությունը։ Մեր նպատակն է ապահովել միջազգային համագործակցության առավել համակարգված կառավարում, սերտ փոխգործակցություն ստորաբաժանումների միջև և արդյունավետ առաջխաղացում մեր ռազմավարական նպատակների իրագործման ճանապարհին»: