Ի՞նչ կանի Ալիևը հայ ժողովրդի դեմ, որը չի անի Փաշինյանը․ «Կարճ ասած»

 

Մի ասացվածք կա՝ «շատ մի սիրիր, ատել կա»։ Սա կարծես լրիվ ժողովրդի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի զգացմունքների մասին է։ Առաջ «սիրում էր» բոլորին, հիմա բոլորին ատում է։ Սերը ես չակերտների մեջ եմ դնում, որովհետև վստահ եմ՝ երբեք էլ չի սիրել, ատել է միշտ, ուղղակի հիմարացնում էր։ 2019 թվականից մինչև այսօր Նիկոլ Փաշինյանի գործունեությունը ուսումնասիրելով, շատերս ենք եզրակացության եկել, որ նա ատում է հայ ժողովրդին, ոչ պակաս, իսկ գուցե ավելի ճիշտ է ասելը՝ շատ ավելի շատ, քան անգամ Ալիևը։ Ամեն դեպքում, Ալիևը համաձայն է եղել պատերազմը դադարեցնել, Փաշինյանը հրաժարվել է ու հազարավոր զոհեր տվել հենց այդ պատճառով։ Իսկ ի՞նչ կանի Ալիևը հայ ժողովրդի դեմ, որը չի անի Փաշինյանը: Կա՞ արդյոք մի քայլ ընդդեմ հայերի, որն Ալիևը կանի, իսկ Փաշինյանը՝ ոչ:

Փաշինյանը, իմ խորը համոզմամբ, ընդգծված ատելություն ունի հայ երիտասարդների նկատմամբ։ Նա ասաց՝ տնից կասկա վերցրեք, եկեք հաղթանակի խրախճանքին մասնակցելու, երկինքը չփակեց, հակաօդային պաշտպանական միջոցների փոխարեն կլուբնիկ էր առել, տարավ, զոհեց 18-20 տարեկան երիտասարդների, հետո ասաց՝ կարող էր և պատերազմ չլինել, հիմա էլ ասում է՝ այդ ամենը արել եմ գիտակցված։ Ու անգամ անունները չհրապարակեց, որ անհայտ հերոս մնան։ Առաջ 18 տարեկաններին զոհում էր կամ ուղարկում գերության, հիմա չի թողնում անգամ դպրոցն ավարտել, միանգամից բանտարկում է։ 44-օրյա պատերազմում ամուսին կորցրած Արուս Հարությունյանն ասում է՝ «Նիկոլ Փաշինյանը ֆոբիա ունի 18 տարեկան երեխեքի հանդեպ»։ 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվել է զուտ նրա համար, որ այդ օրը իր համար անհաջող է եղել և հանդիպել է Փաշինյանին, Նիկոլի՝ սադրանքի սովոր թիկնապահին։ Քրգործն էլ մակագրել են բոլորիս քաջ հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որն այն դատավորներից է, որին մակագրում են գործերը, երբ ուզում են, որ կալանքը տրվի։ Պատանին, որն ունի առողջական խնդիրներ ու դա հայտնի է դատավորին, ուշագնաց է լինում դեռ կալանավայր չհասած, ուշքի են բերում ու էլի տանում կալանավայր։ Ուզում եմ հարցնել՝ ինչո՞ւ եք այդ պատանու կյանքը փորձում խորտակել, ապագայի հետևից ինչի՞ եք ընկել, բայց հիշում եմ, որ սա մի իշխանություն է, որ հարյուր հազարավոր մարդկանց կյանք է խորտակել։

Կրկնում եմ՝ այս մարդը ընդգծված հակակրանք ունի հայ ժողովրդի նկատմամբ՝ անկախ տարիքից, սեռից, սոցիալական խմբից, քաղաքական պատկանելությունից, գործունեության ոլորտից։ Կանանց, մայրերի կատմամբ ատելություն չէ՞ր հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկելն ու անօգնական թողնել-հեռանալը։ Կանանց նկատմամբ ատելություն չէ՞ր մետրոյում մատ թափ տալը երեխայի հետ երթևեկող կնոջ վրա։ Բոլորս ենք տեսել, թե ինչպես են բիրտ ուժով հրմշտում, գետնին տապալում ու քարշ տալիս որդեկորույս մայրերին։ Հայ կինը Նիկոլի օրոք ագրեսիայի թիրախ է։ Եթե սա հայատյացություն չէ, բա հայատյացությունը էլ ո՞րն է։

Սա ատում է հայ տարեցներին․ 10 հազար դրամը չեն իմանա ինչի վրա ծախսեն, անիմաստ բաներ կառնեն արտահայտությունը, կամ՝ որ 25 հազար դրամ տամ, մեկ է՝ մրսելու են արտահայտությունը հենց նրանց նկատմամբ ատելության նշան է ու արհամարհանքի։ Փոխանակ ապահովի արժանապատիվ ծերություն, ծաղրում է նրանց աղքատությունն ու անօգնական վիճակը։

Ատում է Արցախն ու արցախցիներին, ու դա մի անգամ չէ, որ ցույց է տվել։ Ատում է Սփյուռքը։ Երկրորդ նախագահն օրերս հանդիպմանն ասում է՝ իմ քաղաքականությունը եղել է այն, որ ՀՀ նախագահը ՀՀ քաղաքացիների նախագահն է, բայց պատասխանատվություն է կրում բոլոր հայերի համար․ սա գնում-ասում է՝ իմ վրա հույս չդնեք, մուտքը արգելում է, նրանց պայքարը ջուրն է գցում, Սփյուռքի թիկունքի հետևում պայմանավորվում է թուրքերի հետ։

Նիկոլը, օգտագործելով հանդերձ, ատում է ոստիկաներին։ Նիկոլն ատում է հարկ վճարողին․ մենակ խոր ատելություն ունեցողը կոպեկ կոպեկ մուծած հարկերը էսպես քոռ ու փուչ կաներ։ Կրկնում եմ ատելությունը սահման չի ճանաչում․ բայց շատ սարսափելի է, որ այդ ատելության թիրախում պատանիներն են հիմա էլ, որոնց հետևից ընկել են պետական ապարատով։ Վաղը էդ ատելությամբ մտնելու է մանկապարտեզ, ապա՝ ծննդատուն։ Նա ատում է հայ մարդուն՝ օրորոցից մինչ վաստակաշատ տարեց։

Նիկոլ Փաշինյանը հայ ազգին խաբել է․ որովհետև նա ունեցել է այ էս հայացքները, այ էս մտադրությունները մեր ազգի նկատմամբ, բայց փոխարենն ասել է՝ սիրում եմ բոլորիդ, բոլորդ վարչապետ եք, դուք եք որոշում, կառավարության դուռը ձեր դուռն ա, և այլն։ Այդ մարդը ատելության ու ստի անխափան գործարան է, որն աշխատում է 24 ժամ, ու հումք է ստանում հենց իր ներսի թույնից։

Եթե կա երկու բան, որի մեջ այս իշխանությունը հասել է անգերազանցելի վարպետության, դա ստելն է ու ատելություն տարածելը։ Այսօր ապրիլի 1-ն է, Նիկոլ Փաշինյանի մասնագիտական տոնը․ նա պարզապես սուտ չի ասում, նրա մոտ դա արվեստ է, կենսակերպ է, կառավարման միակ և անփոխարինելի մոդել է։ Այսօր կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանը, որը Նիկոլի իշխանության գալու ժամանակ ընդամենը 5-րդ դասարան էր, խաբեության զոհ է։ Դավիթի ծնողներն էլ են խաբեության զոհ, որովհետև սա խոստանում էր ազատ խոսք, ազատ հանրություն, ժողովրդավարություն, անվտանգ միջավայր։ Նա խոսանում էր արդարություն ու արդարադատություն, իսկ նրա դատավորը կայացնում է ակնհայանարդար դատական ակտ, որը հենց նրան վաղը հասցնելու է, վստահ եմ, դատարան։

Նա խոստանում էր խաղաղ միջավայր։ Այսօր կարդում եմ՝ ինչ-որ մանկապարտեզում տնօրենը աշխատողներին վիրավորել է, ակցիաներ են անում։ Ու տեսնում եմ, որ տնօրենը աշխատանքի վայրում է ոստիկանության հսկողությամբ, որ ոստիկանները նրան պաշտպանեն աշխատողներից։ Մանկապարտեզում։ Ու Նիկոլի օրոք սա եսիմոր դեպքն է, երբ մանկապարտեզւի տնօրեը, դպրոցի տնօրենը, համայնքապետը գործի է  գնում ոստիկաններով։ Էսպիսի բան երբեք չեմ տեսել նախկինում։ Նրանք բոլորը Նիկոլի ստեղծած խաբեության ու ատելության զոհն են։

Ժողովուրդ ջան, սա պարզապես վատ կառավարում չէ․ սա նպատակային, հոգեբանական ու ֆիզիկական տեռոր է հասարակության բոլոր շերտերի նկատմամբ։ Մենք աղետի մեջ ենք, ավելի մեծ աղետ, քան պատերազմն է, որովհետև սա սահմանին չէ, սա ներսում տեռոր է ժողովրդի դեմ։ Մարդ, ով սնվում է հասարակությունը պառակտելով, ով ծաղրում է ծերերին, արհամարհում է կանանց և բանտ է տանում երեխաներին, չի կարող լավություն ցանկանալ այս պետությանը։ Գործ ունենք իշխանության հետ, որն օտար է մեզ, մեր արժեքներին, մեր պատմությանը, մեր նկարագրին։ Ինչ որ տեղի է ունենում, զգոնության կոչ է։ Ձեզանից է կախված՝ ձեր զավակը, որը դպրոցական է, վաղը ավարտելու է, թե չէ, որ ավարտեց՝ ինչ ճակատագիր է ունենալու, ինչ երկրում է ապրելու։ Ոչ մեկդ ապահովագրված չենք, դուք չեք կարող ձեր զավակի ու ինքներդ ձեր համար որևէ ապագա գծել այս իշխանության օրոք։ Երեկ իր ապագան պլանավորած պատանին այսօր կալանավայրում է ու մորը հարցնում է՝ դպրոցը կավարտե՞մ։ Ձեզանից է կախված՝ այս բոլոր անօրինական բանտարկվածները երբ ազատ կարձակվեն ու ինչ տեղի կունենա մարդկանց կյանքը խորտակող այս իշխանական մեքենայի հետ։

Կարճ ասած՝ վստահ եմ, որ այս օրերին կատարվողը էլ ավելի շատ թվով մարդկանց է տրամադրել այս իշխանության դեմ։ Ու արդեն շատերդ եք բարձրացնում պատժի անխուսափելիության հարցը։ Ինչո՞ւ են Ռոբերտ Քոչարյանին բոլոր հանդիպումների ժամանակ առաջինը նույն հարցը տալիս՝ որ գաք իշխանության, սրանց պատժելո՞ւ եք արածների համար։ Ասում է այո, բայց մեկ է, անընդհատ հարցը տալիս են, որովհետև երկու հանդիպումների միջև ընկած հատվածում էլի է մի հակահայ բան անում ու մարդկանց մոտ մեծացնում բացասական ռեակցիան։

Ժողովուրդ ջան, Նիկոլը ում կողքով անցնում է՝ դժբախտություն է բերում։ Ուրեմն պետք է ամեն մեկդ ձեզ համար արդեն հստակ որոշում կայացրած լինեք։ Այդ պատանին այսօր ուղարկվել է նույնն է, թե ադրբեջանական գերության։ Նիկոլն ասում էր՝ մեր գերիները մեզ կներեն ևս մեկ-երկու ամիս գերության մեջ մնալու համար։ Իրականում դրան մնացել է մեկ-երկու ամիս, եթե ժողովուրդը պատվով հաղթահարի հունիսի 7-ի փորձությունը։

Սևակ Հակոբյան

Leave a Comment