ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում անցկացված աճուրդում պատմական ռեկորդ է գրանցվել․ 1945 թվականի Domaine de la Romanée-Conti գինու մեկ շիշ վաճառվել է 812,500 դոլարով՝ դառնալով աշխարհում աճուրդում վաճառված ամենաթանկը։
Աճուրդը կազմակերպել էր աշխարհի խոշորագույն բարձրակարգ գինիների աճուրդային տունը՝ Acker Merrall & Condit-ը, Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում անցկացվող La Paulée auction ամենամյա միջոցառման շրջանակում։Ըստ Forbes-ի՝ այս վաճառքը գերազանցել է նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 2018 թվականին․ նույն գինու մեկ շիշ այն ժամանակ վաճառվել էր 558 հազար դոլարով։ Նոր գինը գրեթե 50 տոկոսով ավելի բարձր է։
Հետաքրքիր է, որ աճուրդում վաճառված շիշը ժամանակին պահվել է ֆրանսիացի հայտնի գինեգործ Ռոբեր Դրուենի անձնական գինապահոցում։ Նա երկար տարիներ ղեկավարել է հայտնի ֆրանսիական գինեգործական տունը՝ Maison Joseph Drouhin-ը։ Այս գինին առանձնահատուկ է նաև իր պատմությամբ։ 1945 թվականի արտադրությունը վերջինն էր, որ պատրաստվել էր մինչև Romanée-Conti խաղողի այգիների ամենահին վազերի վերատնկումը։ Այդ տարի արտադրվել է ընդամենը մոտ 600 շիշ։
Գինին պատրաստվում է հիմնականում Պինո Նուար խաղողից և համարվում է գինեգործության իրական լեգենդ։ Մասնագետները այն գնահատում են իր բացառիկ խորության, բարդության և անզուգական համային կառուցվածքի համար։
