1 ապրիլի 2026 – 18:20 AMT
PanARMENIAN.Net – Սուրբ Աննա առաջնորդանիստ եկեղեցում մարտի 29-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված համացանցում նոր տեսանյութ է տարածվում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է մի տղամարդ ձեռքով հարվածում 18-ամյա Դավիթ Մինասյանին, որը կալանավորվել է 2 ամսով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարվածելու փորձի գործով, հայտնում է Factor.am-ը:
Նշվում է, որ Factor TV-ն նույնականացրել է Դավիթ Մինասյանին հարվածող տղամարդուն։ Նա Պետական պահպանության ծառայության աշխատակից է, զբաղվում է Նիկոլ Փաշինյանի անվտանգության պահպանմամբ և մշտապես ուղեկցում է վարչապետին։
Նա ՊՊԾ նույն ծառայողն է, որը 2025 թվականի հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքից քաղաքացու բերանը ձեռքով փակած դուրս բերեց։ Հայկ Դորունցը համարձակվել էր Փաշինյանի ներկայությամբ հայտարարել, որ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արամը իրավունք չունի պատարագ մատուցել։
Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միջադեպ էր տեղի ունեցել։ Այն պահին, երբ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, որպեսզի նա դուրս գար, մի երիտասարդ նախ ընդդիմացավ, ապա փորձեց ձեռքով հարվածել վարչապետին։ Այդ երիտասարդը 18-ամյա Դավիթ Մինասյանն է, որին մեղադրանք է ներկայացվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար։ Նա այսօր կալանավորվել է 2 ամսով։
Միջադեպի մյուս մասնակիցները՝ Դավիթ Մինասյանի եղբայր Միքայել Մինասյանն ու Գևորգ Գևորգյանը երեկ ազատ են արձակվել։ Վերջինի նկատմամբ կիրառվել է 5 մլն դրամ գրավ ու բացակայելու արգելք, իսկ Միքայել Մինասյանի նկատմամբ՝ միայն բացակայելու արգելք։ Նա մեղադրվում է այդ գործողություններին աջակցելու համար, իսկ Գևորգյանն այդ ամենը կազմակերպելու համար։