1 ապրիլի 2026 – 18:01 AMT
PanARMENIAN.Net – «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ակտիվիստները հայտարարում են Արմավիրի մարզում ճնշումների մասին: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախաձեռնության անդամ Լևոն Չուկակլյանը:
Նրա փոխանցմամբ՝ Արմավիր քաղաքում կամավորների հետ հանդիպումից հետո անհայտ անձինք տարածել են մասնակիցների լուսանկարները՝ ուղարկելով դրանք նրանց ուսուցիչներին և ծնողներին։ Որոշ դեպքերում, ըստ նախաձեռնության, հնչել են նաև նախազգուշացումներ, հայտնում է Sputnik Արմենիան:
Նշվել է, որ անչափահասներից մեկը տեղեկացրել է՝ մանկավարժից ստացել է մասնակցությունից հրաժարվելու պահանջ, իսկ մեկ այլ դեռահասի դեպքում սպառնալիքներ են հնչել նրա ծնողի նկատմամբ, որը աշխատում է պետական համակարգում։ Բացի այդ, առանձին մասնակիցների հետ զրույցներ է ունեցել դպրոցի տնօրենը՝ հետաքրքրվելով նրանց և ընտանիքների մասին տվյալներով։
Նախաձեռնության ներկայացուցիչ Ստյոպա Ասրյանը ընդգծել է, որ կամավորների, այդ թվում՝ անչափահասների մասնակցությունը եղել է ամբողջությամբ կամավոր և որևէ պարտադրանք չի կիրառվել։
Ակտիվիստների պնդմամբ՝ նմանատիպ դեպքեր արձանագրվել են նաև Մեծամորում, որտեղ գրասենյակի վարձակալության շուրջ նախնական պայմանավորվածությունից հետո սեփականատերը հրաժարվել է գործարքից՝ նշելով տարբեր պատճառներ։
Լևոն Չուկակլյանը հայտնել է, որ արձանագրված դեպքերը նախատեսվել է ամփոփել առանձին հաշվետվությամբ և ներկայացնել միջազգային կազմակերպություններին։
«Միասնության թևեր» նախաձեռնությունը գլխավորում է ՀՀ նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, և շարժումը մտադիր է մասնակցել հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին՝ «Հայաքվե» նախաձեռնության հետ համատեղ։