«ՔՀԿ չափիչ Հայաստան-2025» զեկույցը ներկայացրել է ՔՀԿ-ների հիմնական խնդիրները

«ՔՀԿ չափիչ Հայաստան-2025» զեկույցը ներկայացրել է ՔՀԿ-ների հիմնական խնդիրները

1 ապրիլի 2026 – 15:54 AMT

PanARMENIAN.Net – «ՔՀԿ չափիչ Հայաստան-2025» հետազոտական զեկույցը ներկայացրել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար կարևոր 11 ոլորտի գնահատականներն ու առկա մարտահրավերները։ Զեկույցում առանձնացվել են մասնավոր կյանքի իրավունքի, պետության պաշտպանության պարտականության և թվային իրավունքների հետ կապված խնդիրները։

Մասնավոր կյանքի իրավունքի ոլորտում ընդհանուր գնահատականը կազմել է 4.8 միավոր, իսկ գործնական գնահատականը՝ 3.8, հայտնում է Factor.am-ը:

Արձանագրվել են անձնական տվյալների արտահոսքեր և գաղտնալսումների դեպքեր, այդ թվում՝ 2025 թվականի հոկտեմբերին արձանագրված աղմկահարույց միջադեպը։ Նշվել է, որ ոստիկանությանը տրամադրվել է լայն հասանելիություն հանրային տեսահսկման համակարգերին, ինչը մեծացրել է ապօրինի վերահսկողության ռիսկերը։ Փորձագետները և ՔՀԿ-ները կասկածներ են հայտնել ԱԱԾ-ի և իրավապահ մարմինների կողմից վերահսկողական լիազորությունների կիրառման օրինականության վերաբերյալ՝ ընդգծելով վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզմների բացակայությունը։

Պետության կողմից պաշտպանության պարտականության գնահատականը կազմել է 4.5 միավոր։ Որպես հիմնական խնդիր նշվել է զգայուն ոլորտներում, մասնավորապես՝ ԼԳԲՏԻՔ+ և բնապահպանական ուղղությամբ աշխատող ՔՀԿ-ների պաշտպանության պակասը։ Միաժամանակ ընդգծվել է, որ ՔՀԿ-ների հնարավորությունները դատարաններում հանրային շահ ներկայացնելու հարցում շարունակում են սահմանափակ մնալ։ Արձանագրվել են նաև դեպքեր, երբ պաշտոնյաները և քաղաքական գործիչները իրենց հայտարարություններով թիրախավորել են ակտիվիստներին, իսկ հանքարդյունաբերական ընկերությունները շարունակել են դատական հայցեր ներկայացնել նրանց դեմ։

Թվային իրավունքների ոլորտում գնահատականը կազմել է 4.4 միավոր՝ նվազելով նախորդ տարվա 4.5-ից։ Չնայած ընդունվել են կիբեռանվտանգության և հանրային տեղեկությունների վերաբերյալ նոր օրենքներ, ՔՀԿ-ները և ակտիվիստները շարունակել են մնալ լրտեսող ծրագրերի, ֆիշինգի և DDoS հարձակումների թիրախում։ Զեկույցում նշվել է, որ կիբեռանվտանգության օրենսդրության զարգացումը կարող է նպաստել ոլորտի բարելավմանը, սակայն արհեստական բանականության կարգավորման առանձին մեխանիզմներ դեռևս չեն ներդրվել։

Նշվել է նաև, որ սոցիալական ցանցերը Հայաստանում գործել են ազատ, իսկ միջազգային տեխնոլոգիական ընկերությունները համագործակցել են պետական մարմինների հետ՝ կիբեռհանցագործությունների բացահայտման նպատակով։ Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ սոցիալական հարթակներում իրավունքների խախտման դեպքում պետական պաշտպանության հստակ կարգավորումներ չեն ձևավորվել։

Զեկույցը պատրաստվել է «ՔՀԿ չափիչ՝ ի գործ» ծրագրի շրջանակում՝ «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոն» հիմնադրամի և գործընկեր կազմակերպությունների մասնակցությամբ։

Leave a Comment