1 ապրիլի 2026 – 14:06 AMT
PanARMENIAN.Net – Ազատազրկված բոլոր անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, հայտարարել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ արձագանքելով ՀՀ ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի հայտարարությանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Ավելի վաղ դիտորդական խումբը հայտարարել է «Արմավիր» ՔԿՀ կատարած այցի արդյունքների մասին՝ պնդելով, որ հաստատությունում առկա է համակարգային խնդիր, որի հետևանքով մարդիկ փաստացի մնում են առանց բուժման։։
«Համաձայն գործող ընթացակարգերի և գործելակարգերի՝ արտահիվանդանոցային պայմաններում՝ ընդունվելիս կատարվում է մարմնական զննություն, կիրառվում է հոգեկան առողջության գնահատման գործիքը, առաջնային բժշկական զննություն, ռապիդ թեստավորումներ, հետագայում ըստ դիմելիության, դիսպանսեր և դինամիկ հսկողության շրջանակում, նաև իրականացվում են տարեկան կանխարգելիչ այցեր»,- նշել է Ծատրյանը։
Նրա խոսքով՝ հիվանդանոցային բուժումը կազմակերպվում է «Արմավիր» ստորաբաժանման ստացիոնար թերապևտիկ բաժանմունքում՝ ավագ և միջին բուժանձնակազմի շուրջօրյա վերահսկողությամբ։ Նա նաև ընդգծել է, որ ընդլայնվել է դեղապահովման շրջանակը։
«Ընդունելի չէ ձևակերպում տալ, թե համակարգային ձախողում է, եթե փաստահեն տվյալներ չեք ներկայացնում։ Կցված ոտքի նկարը գուցե կարող է լսարանի համար զգայական էֆեկտ տալ, բայց մասնագիտական առումով լուրջ հիմք չէ: Ի դեպ, քրեակատարողական հիմնարկի բժիշկներին ոտքի նման գանգատով ազատազրկված չի դիմել և որևէ դիմում չունենք: Եթե կան գանգատներ, թող դիմեն բուժմաս և մասնագիտական բուժօգնություն կստանան»,- հայտնել է Ծատրյանը։
Դիտորդական խումբը նաև արձանագրել է՝ որոշ դեպքերում ազատազրկվածները կարող են ունենալ այնպիսի հիվանդություններ, որոնք նախնական գնահատմամբ անհամատեղելի են պատժի կրման հետ, սակայն անհրաժեշտ բժշկական հետազոտությունները չեն իրականացվել անհապաղ։
Ավելի վաղ Sputnik Արմենիան անդրադարձել էր «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող Գեղամ Պետրոսյանի դեպքին, ով առողջական խնդիրների պատճառով հացադուլ է հայտարարել։ Նրա քույրը հայտնել է, որ ազատազրկվածն ունի մի շարք լուրջ հիվանդություններ, այդ թվում՝ սիրտ-անոթային խնդիրներ, երիկամային անբավարարություն և դեղորայքային սուր ալերգիա՝ ընդգծելով, որ պատշաճ բուժօգնություն չի ստացվում։ Ընտանիքը մտահոգություն է հայտնել, որ նրա վիճակը կարող է հասնել անդառնալի փուլի։