ՀՀ–ում այսօրվանից կգործի էլեկտրամոբիլների գույքահարկի նվազեցման նոր կարգը




 

Sputnik. ՀՀ ՊԵԿ–ն մարտի 31-ի դրությամբ վերադարձրել է 636 տրասնպորտային միջոցների մաքսատուրքի գումարները:


 


Հայաստանում այսօրվանից կգործի էլեկտրամոբիլների գույքահարկի նվազեցման նոր կարգը։ Այդ մասին հիշեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։


 


Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարության` մարտի 5–ի որոշմամբ` ընդհանուր կանոնակարգում հիմք կվերցվի ԵԱՏՄ չափանիշը, ըստ որի` միության ռեեստրում անհատապես գրանցված էլեկտրամոբիլների դեպքում, որոնք ունեն էլեկտրոնային անձնագիր, նշվում է միայն կայուն հզորությանը վերաբերող ցուցանիշը։


 


Կան նաև էլեկտրամոբիլներ, որոնք ԵԱՏՄ ռեեստրում չունեն էլեկտրոնային անձնագիր։ Այս դեպքում կկիրառվի պրոգրեսիվության կանոնը։ Մասնավորապես մինչև 250 ձիաուժ ունեցող էլեկտրամոբիլների դեպքում կլինի առավելագույն պիկային հզորությունը` բաժանած 1.5 գործակցի, իսկ 250 ձիաուժից ավելի դեպքում` 1.5+2.5 գործակից։


 


Եթե էլեկտրամոբիլն ունի 544 ձիաուժ պիկային հզորություն (այսինքն` 250 ձիաուժից ավել) և 2025 թ. արտադրության է, գույքահարկը հիմա կազմում է 666 հազար դրամ, սակայն առաջարկվող գործակցային այս նոր տրամաբանությամբ կլինի 276 հազար դրամ։


 


Եթե էլեկտրամոբիլն ունի 218 ձիաուժ պիկային հզորություն (այսինքն` մինչև 250 ձիաուժ ունեցող և 2025 թ. արտադրության է, գույքահարկը հիմա կազմում է 136 400 դրամ, սակայն առաջարկվող գործակցային նոր տրամաբանությամբ կլինի 43 500 դրամ։


Նոր կարգավորումը կգործի մինչև 2028 թ. դեկտեմբերի 31–ը։


 


Ի դեպ, էլեկտրամոբիլների վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, ըստ այդմ` 2026 թ. հունվարի 9–ին հրապարակված 636 տրասնպորտային միջոցների մաքսատուրքի գումարները մարտի 31-ի դրությամբ վերադարձվել են:


 


Մաքսատուրքի գումարների վերադարձն իրականացվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման 2025 թ. սակագնային արտոնության շրջանակում, ըստ որի` էլեկտրամոբիլներն ազատվում են ներկրման և օտարման համար ավելացված արժեքի հարկից։


 


Հիշեցնենք` 2026 թվականի համար Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում ստացել է 15 հազար էլեկտրամոբիլների` առանց մաքսատուրքի ներմուծման քվոտա։ ՀՀ իշխանությունները որոշել են այդ արտոնությունը տարածել նաև հիբրիդային մեքենաների, ինչպես նաև էլեկտրական ավտոբուսների և բեռնատարների վրա։


 


Նշենք, որ Հայաստանում արդեն կա 30–40 հազար էլեկտրամոբիլ։


 


 


Leave a Comment