Մոսկվան տիեզերական պատրիարքին մեղադրում է վրացական եկեղեցու առաջնորդի ընտրություններին միջամտելու մեջ

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս I-ի հասցեին՝ նրան մեղադրելով Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի մահից հետո վրաց ուղղափառ եկեղեցու ներսում իրավիճակն ապակայունացնելու փորձերի մեջ, հայտնում է Ekhokavkaza-ն:

Նշվում է, որ Տիեզերական պատրիարքը մտադիր է իր ազդեցությունը տարածել՝ օգտվելով եկեղեցու կառավարման անցումային շրջանից։

Ռուսական հետախուզության տվյալներով՝ Կոստանդնուպոլիսը լոբբինգ է անում պատրիարքական աթոռի կոնկրետ թեկնածությունների համար:

Վրաստանի պատրիարքարանի մամուլի ծառայության ղեկավար Անդրիա Ջագմաիձեն մեկնաբանել է Ռուսաստանի հայտարարությունը:

«Նման միջամտությունը մեկ այլ տեղական եկեղեցու կողմից մեզ համար անհավանական է. մենք դա լիովին անհնար ենք համարում։ Նման տեղեկատվության հիմքերը մեզ հայտնի չեն», – նշել են պատրիարքարանից:

Նոր կաթողիկոս-պատրիարքի ընտրությունը պետք է տեղի ունենա 40 օրից մինչև երկու ամսվա ընթացքում: Գործընթացին մասնակցում են Սինոդի 39 անդամ եպիսկոպոսներ: Ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ձայների կեսից ավելին:

Համայն Վրաստանի կաթողիկոսը վախճանվել էր մարտի 17-ին՝ կյանքի 94-րդ տարում։

Leave a Comment