Իրանի դեմ պատերազմից հետո ԱՄՆ-ը, երևի, կքննարկի ՆԱՏՕ-ի հետ հետագա հարաբերությունների հարցը: Այդ մասին լրագրողներին ասել է Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մարկո Ռուբիոն:
Վկայակոչելով Իսպանիային, որ օդային տարածքը փակել է ամերիկյան ռազմական ինքնաթիռների թռիչքի համար, Ռուբիոն ասել է, որ եթե եվրապացիները կարծում են, թե միայն ԱՄՆ-ը պիտի Եվրոպան պաշտպանի, ապա «դա այնքան էլ ճիշտ ընկալում» չէ:
ՆԱՏՕ-ի երկրները, ինչպես հայտնի է, հրաժարվել են մասնակցել Հորմուզի նեղուցում ազատ նավագնացությունը վերականգնելու ռազմագործողությանը: Գերմանիայի կանցլեր Մերցը նույնիսկ բաց տեքստով ասել է, որ դա իրենց պատերազմը չէ:
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների միջև տարաձայնությունները ի հայտ են եկել Ուկրաինայի հարցում: Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումը պարզապես ավելի է բացահայտել դրանք:
Այս համատեքստում խիստ կարեւոր է, որ Թուրքիան փորձում է Մերձավոր Արևելքում ռազմա-քաղաքական լայն դաշինք ձեւավորվել: Այդ քննարկումներին ներգրավված է նաև Պակիստանը:
Մարտի 31-ին Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին Ազգային մեծ ժողովում կրկին հանդիպել է խորհրդարանական խմբակցության անդամների հետ և հայտարարել, որ եթե «Մերձավոր Արևելքում վարչակազմ պետք է փոխվի, ապա՝ միայն Իսրայելում»:
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան դաշինքը նա անվանել է «հանցավոր-իմպերիալիստական»: Բահչելին իրավիճակը համեմատել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո «իմպերիալիստական սեղանների շուրջ քարտեզներ գծելու» հետ և վստահեցրել, որ, ինչպես այն ժամանակ, Թուրքիան այսօր էր «կարող է պատռել այդ քարտեզները, յոթ տերությունների ծովի հատակն ուղարկել եւ նրանց ծնկի բերել»:
Բահչելին իսլամական աշխարհին կոչ է արել «կանգնել Իրանի կողքին և միասնաբար չեզոքացնել սիոնիստական ցանցի սպառնալիքը»:
Թուրքիայի «Ազգայնական կուսակցությունը» խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կոալիցիոն գործընկերն է և հիմնականում արտայատում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկզբունքային դիրքորոշումը:
Ավելի վաղ նկատել ենք, որ Թուրքիան և Իսրայելը հետեւողականորեն մոտենում են ուղղակի կամ պրոքսի ռազմական բախման: Այս առումով չափազանց կարեւոր է, թե Ադրբեջանը մերձավոր արելյան բաժանարարի ո՞ր կողմում կլինի:
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին գովեստի խոսքեր է շռայլել:
Նախօրեին «Իրանի տարածքից Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակման» առթիվ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել արտառոց հայտարարությամբ և հավաստիացրել, որ «մշտապես գտնվում է եղբայրական Թուրքիայի կողքին»:
Թուրքիան, ընդսմին, միայն արձանագրել է «հրթիռի արձակման» և ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից այն «վնասազերծելու» փաստը: Նույն օրը իսրայելական օդուժը Ադրբեջանի հետ Իրանի սահմանամերձ տարածքում ՀՕՊ համակարգ է ոչնչացրել: