Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այն, ինչ ներկայումս տեղի է ունենում, չի կարելի համարել բանակցություններ՝ ընդամենը հաղորդագրությունների փոխանակում է։ Նրա խոսքով՝ հաղորդագրություններն ուղարկվում են կամ ուղղակիորեն, կամ Իրանի դաշնակիցների միջոցով։
«Ես շարունակում եմ ստանալ ուղիղ հաղորդագրություններ Սթիվ Ուիտկոֆից, բայց դա չի նշանակում, որ բանակցություններ են ընթանում»,- ընդգծել է Արաղչին։
Նա ընդգծել է, որ այս հաղորդագրությունները հիմնականում պարունակում են նախազգուշացումներ կամ փոխադարձ դիրքորոշումներ, որոնք փոխանցվում են գործընկերների միջոցով։
Արաղչին նաև հայտնել է, որ Իրանը դեռ չի արձագանքել ԱՄՆ-ի կողմից ներկայացված 15 առաջարկներից որևէ մեկին և չի ներկայացրել իր պայմանները կամ առաջարկները։
Անդրադառնալով հրադադարի հարցին՝ Աբբաս Արաղչին շեշտել է, որ Իրանը չի ընդունում հրադադարը՝ պահանջելով ոչ միայն Իրանում, այլև ամբողջ տարածաշրջանում պատերազմի լիակատար դադարեցում։
