Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Էսմայիլ Բաղային կրկին հերքել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ են ընթանում: Նա X-ի իր էջում գրել է. «Այս երեսունմեկ օրվա ընթացքում որևէ բանակցություն չենք վարել ԱՄՆ-ի հետ»։ Մինչդեռ ԱՄՆ-ից հայտարարում են, որ կան բանակցություններ։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։
– Ինչպե՞ս կմեկնաբանեք վերոնշյալ փաստը. ԱՄՆ-ն ո՞ւմ հետ կարող է բանակցել։
-Բանակցային իրավիճակն, ընդհանուր առմամբ, և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումները, հնչող հայտարարությունները պետք է դիտարկել այս հակամարտության քարոզչական բաղադրիչի համատեքստում։ Այսինքն, այնուամենայնիվ, հնարավոր է՝ այդ բանակցությունները տեղի են ունենում, հնարավոր է՝ տեղի չեն ունենում։ Հայտարարելով բանակցությունների մասին՝ ԱՄՆ-ն երկու նպատակ է հետապնդում. առաջինը՝ ցույց տալ, որ իրանական կողմից կա փոխըմբռնում, և կան որոշակի շրջանակներ, ում հետ ԱՄՆ-ն բանակցում է պատերազմի ավարտի մասին։ Երկրորդ նպատակը ազդելն է իրանական վարչակարգի կայունության վրա, այսինքն՝ կասկածներ սերմանել վարչակարգի ներսում և պառակտում առաջացնել։
Եթե վարչակարգի ներսում կան անձինք, ովքեր բանակցում են Միացյալ Նահանգների հետ, դա արդեն լուրջ վտանգ է պարունակում վարչակարգի համար՝ շատ պարզ պատճառով. սա նշանակում է, որ ինչ-որ փուլում՝ վարչակարգի դիրքերի թուլացման պայմաններում, արտաքին ուժերի աջակցությամբ տվյալ շրջանակները կարող են ստանձնել երկրի կառավարման պատասխանատվությունը։ Մյուս կողմից էլ, իհարկե, չի կարելի ամբողջովին բացառել նաև, որ այդ բանակցությունները կան, և կան կոնկրետ դերակատարներ, ում հետ Միացյալ Նահանգները փորձում է կապեր հաստատել և հարցեր քննարկել։ Բանակցային առումով կոնկրետ ուղերձների փոխանակում տեղի է ունենում, հատկապես՝ միջնորդ դերակատարների միջոցով, տվյալ դեպքում՝ Պակիստանի, բայց սա ուղիղ բանակցություն համարել չի կարելի։
-Ինչպես նշեցիք, տեղի է ունեցել բանակցությունների խնդրանք՝ ԱՄՆ-ի կողմից ներկայացված մի շարք առաջարկների հետ միասին, որոնք Իրանին են հասել որոշ միջնորդների, այդ թվում՝ Պակիստանի միջոցով։ Իսկ ինչո՞ւ Իրանը չի ընդունում։
-Երկու պատճառ կա, թե ինչու Իրանը չի համաձայնում։ Առաջինն այն է, որ, այնուամենայնիվ, իրանական կողմի մոտ շատ մեծ է անվստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ. այսինքն՝ նրանք չեն հավատում, որ Միացյալ Նահանգները պատրաստ են բանակցությունների, և մտածում են, որ բանակցային այս հերթական առաջարկները կարող են բլեֆ լինել և ծառայել որոշակի նպատակների՝ Միացյալ Նահանգների շահերի տիրույթում։ ԱՄՆ-ն առաջարկներից հետո կրկին կվերադառնա իր ռազմական օրակարգին։ Երկրորդ՝ չի բացառվում, որ ԱՄՆ-ի կողմից ներկայացվող առաջարկներն անընդունելի են Իրանի համար, այդ պատճառով էլ իրանական կողմը չի ընդունում։ Եվ երրորդ՝ չեմ կարծում, որ այս պահին իրանական կողմին ձեռնտու է կանգնեցնել պատերազմն այն պայմաններով, որոնք կարող են առաջարկվել ԱՄՆ-ի կողմից։ Իսկ իրանական կողմին միանշանակ ձեռնտու կլինի դադարեցնել պատերազմը միայն այն դեպքում, եթե Թեհրանն ունենա երաշխիքներ։
-Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիան թույլ չի տվել, որ Իսրայել ուղևորվող՝ ռազմական պարագաներով լի ինքնաթիռները թռչեն ֆրանսիական տարածքի վրայով, և ԱՄՆ-ն դա կհիշի։ Նա սկսել է սպառնալ եվրոպական երկրներին։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում ընթացող պատերազմն առաջացրել է մի շարք խնդիրներ տարբեր դերակատարների միջև, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ Մերձավոր Արևելքում։ Ամենակնառու խնդիրը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև ծագած հակասություններն են, որոնք ավելի են խորանում և ազդում դաշինքի միասնականության վրա։ Ֆրանսիան ի սկզբանե հայտարարել էր, որ դեմ է Պարսից ծոցում և Իրանում ընթացող պատերազմին, և, կարծես, հենց այդ դիրքորոշման տրամաբանության մեջ էլ փորձում է խոչընդոտել դեպի Իսրայել ռազմական մատակարարումները։
Մյուս կողմից՝ Ֆրանսիան, բնականաբար, փորձում է մեծացնել կամ ընդգծել իր ազդեցությունը աշխարհում ընթացող տարբեր հակամարտությունների շրջանակներում՝ որպես ինքնուրույն դերակատար կամ որպես ԵՄ-ն ներկայացնող դերակատար։ Երրորդ կարևոր հանգամանքն այն է, որ տարածաշրջանում ընթացող պատերազմը մեծապես ազդում է Եվրոպայի վրա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական և թե՛ էներգետիկ առումով։ Նշեմ նաև, որ աշխարհի ուշադրությունը շեղվել է ուկրաինական պատերազմից, և հիմնական դերակատարները կենտրոնացած են Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը դադարեցնելու վրա, ինչից էլ օգտվում է Ռուսաստանը։
Նախ այն, որ Արևմուտքը ևս այս պահին խնդիրներ ունի։ Առաջատար խաղացողը ԱՄՆ կրվել է պատերազմի մեջ, Հորմուզի փակվելու հետևանքով հա աճել են նավթի գները, որից օգտվում է Ռուսաստանը, և բացի այդ, ՆԱՏՕ-ի ներսում նկատվող խնդիրները և Ուկրաինային ցուցաբերվող տարաբնույթ աջակցության։ ծավալների նվազումը, դա միանշանակ բխում է Ռուսաստանի շահերից։ Այս պարագայում, բնականաբար, եվրոպական երկրները ևս այս պահին փորձում են դիրքավորվել ըստ իրավիճակի և գուցե ընդհանուր բանակցային օրակարգ ձևավորել ԱՄՆ-ի հետ շփումներում։ Այսինքն՝ Եվրոպական միությունը պատրաստակամ կլինի աջակցել Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում, եթե ԱՄՆ-ն էլ միանշանակ աջակցություն ցուցաբերի Եվրոպական միությանը՝ Ռուսաստանն հակամարտության շրջանակում։ Կարծես թե, այս բոլոր պրոցեսները միտված են ընդհանուր բանակցային օրակարգի ձևավորմանը։
Լիլիթ Աբրահամյան
