«Մենք պատրաստ չենք դռները փակել ու թողնել գնալ». լիբանանահայության գոյամարտը ռմբակոծվող Բեյրութի սրտում. «Սփյուռքի ձայնը»

Բեյրութի երկինքը կրկին պատված է տագնապի ծխով։ Քաղաքը, որը դեռ չէր հասցրել բուժել նավահանգստի պայթյունի և տնտեսական փլուզման վերքերը, կրկին հայտնվել է պատերազմի կիզակետում։ Այս անգամ հարվածներն արդեն ոչ թե հեռավոր արվարձաններում են, այլ Բեյրութի սրտում՝ այնտեղ, որտեղ ամեն քայլափոխի հայկական շունչն է, որտեղ հարյուր տարի շարունակ հայը տուն է կառուցել, դպրոց պահել և հույս փայփայել։

Պատերազմ՝ հակառակ սեփական կամքի

«Լիբանանն այս պատերազմի մեջ մխրճվեց հակառակ իր կամքի»,- այս խոսքերով է բնութագրում իրավիճակը լիբանանահայ լրագրող Փաթիլ Մկրտիչյանը։ Պետությունը, որը տարիներ շարունակ փորձում էր խուսափել տարածաշրջանային մեծ բախումներից, այսօր կանգնած է մարդկային և հումանիտար աղետի շեմին։ Ավելի քան մեկ միլիոն տեղահանված մարդիկ, փողոցներում հայտնված ընտանիքներ և անդադար ոռնացող անօդաչու սարքերի ձայնը, որը թույլ չի տալիս քնել նույնիսկ այնտեղ, որտեղ դեռ ռումբեր չեն ընկել։

Տնտեսական «շնչահեղձությունը»

Լիբանանահայության համար պատերազմը միայն պայթյունները չեն. դա ամենօրյա պայքար է գոյատևման համար։ 2019 թվականից ի վեր երկիրը բառի բուն իմաստով «չի շնչում»։ «Ամեն ինչ թանկանում է, ու չես կարողանում շնչել։ Բենզինի գինը 16 դոլարից դարձել է 26, հացը թանկանում է, իսկ առողջապահությունն ու ապահովագրությունը դարձել են անհասանելի շքեղություն»,- ասում է Փաթիլը։ Երբ մեկ վիրահատությունը կարող է արժենալ 15 հազար դոլար մի երկրում, որտեղ դրամական համակարգը փլուզված է, յուրաքանչյուր նոր օրը հերոսություն է։

Հայկական գործոնը․ միասնությունը՝ որպես վահան

Այս ծանր իրավիճակում լիբանանահայ համայնքը կրկին ապացուցում է իր կենսունակությունը։ Չնայած հարվածները հասել են հայաբնակ Բուրջ Համուդի հարևանությամբ գտնվող Նաբաա շրջանին, հայկական կառույցները դեռևս կանգուն են։ Սակայն համայնքի իրական ուժը ոչ թե պատերն են, այլ միասնությունը։ Ավանդական երեք կուսակցությունները, եկեղեցին և բարեսիրական միությունները ստեղծել են միասնական ճակատ։ «Մենք մեր հույսը միշտ մեր վրա ենք դրել»,— ասում է Փաթիլը։ Սա լիբանանահայության բանաձևն է. չսպասել օգնության, այլ ինքնակազմակերպվել, բաժանել հացը, հոգալ կարիքավորի դեղը և միասին պահել համայնքի անվտանգությունը։

Հայրենիքի կարոտն ու արմատների կանչը

Շատերն են հարցնում՝ ինչո՞ւ չեն գալիս Հայաստան։ Հարցի պատասխանը թե՛ ցավալի է, թե՛ հպարտությամբ լեցուն։ Մի կողմից՝ սոցիալական անպաշտպանվածությունը Հայաստանում՝ բարձր վարձավճարները, աշխատանքի անորոշությունը, մյուս կողմից՝ պատասխանատվությունը սեփական պատմության հանդեպ։ «Մենք այստեղ 100 տարվա պատմություն ունենք, կառույցներ, դպրոցներ, եկեղեցիներ։ Եթե մենք թողնենք գնանք, մեր կառույցներն այլևս չենք գտնի։ Մենք պատրաստ չենք դռները փակել ու թողնել գնալ»։ Սա լոկ խոսք չէ, սա ուխտ է։ Լիբանանահայը գիտի՝ եթե ինքը լքի իր տունը Բեյրութում, Սփյուռքի ամենահզոր զարկերակներից մեկը կդադարի բաբախել։ Նրանք մնում են պահելու համար հայկական դպրոցը, որը փակվում է միայն ռմբակոծության պահին և վերաբացվում հաջորդ իսկ առավոտյան, որովհետև «կյանքը պիտի շարունակվի»։

Լիբանանահայությունն այսօր աշխարհասփյուռ հայության աջակցության և ուշադրության կարիքն ունի։ Նրանք ոչ թե զոհ են, այլ պայքարող տեսակ, որը կրակի ու ավերածությունների մեջ շարունակում է մնալ հայ։ Հայաստանից նրանք ակնկալում են ոչ միայն պետական հոգածություն, այլև այն գիտակցումը, որ Լիբանանի յուրաքանչյուր հայկական օջախ նաև Հայաստանի սահմանն է՝ մշակութային ու հոգևոր սահմանը, որը չի կարելի զիջել։

Leave a Comment