«Ուժեղ Հայաստանը» դաշինք կկազմի 2 նոր քաղաքական ուժի հետ

«Ուժեղ Հայաստանը» դաշինք կկազմի 2 նոր քաղաքական ուժի հետ

31 մարտի 2026 – 13:26 AMT

PanARMENIAN.Net«Ուժեղ Հայաստանը» կուսակցությունը որոշում է կայացրել դաշինք ձևավորել նոր քաղաքական ուժերի հետ՝ երկրում նոր համակարգ ձևավորելու նպատակով։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

Qաղաքական միավորները, որոնց հետ «Ուժեղ Հայաստանը» դաշինք է կազմել, Նաիրի Սարգսյանի գլխավորած «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն է և Հարություն Հարությունյանի ղեկավարած նորաստեղծ «Նոր Դարաշրջան» կուսակցությունը, հայտնում է Factor.am-ը:

Նարեկ Կարապետյանն ասել է․ «Ինչ ունենք մենք այսօր, դա մեր քաղաքական համակարգի անկատարության արդյունքն է եղել, և մենք պետք է նոր հնարավորություն տանք երիտասարդ և մեծ պոտենցիալով ուժերին, որպեսզի կարողանանք երկրում որակական փոփոխություններ բերել»։

Նրա խոսքով՝ համագործակցությունը միտված է քաղաքական դաշտում որակական փոփոխությունների իրականացմանը։

«Ֆինանսական մասնագիտական բազա ունեցող պարոն Սարգսյանը և իրավաբանական բազա ունեցող պարոն Հարությունյանը․ այսինքն՝ մենք տեսնում ենք, որ մասնագիտական փոփոխության ֆորմատով պետք է հանդես գանք։ Քաղաքական գործիչները պետք է չլինեն միայն պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ, պետք է անցած ճանապարհ ունենան, որպեսզի կարողանան հասկանալ ոլորտները։ Հենց պրոֆեսիոնալիզմի հիմքի վրա էլ մենք ստեղծել ենք մեր միավորման տեսլականը»,- նշել է Կարապետյանը։

Ձևավորվող դաշինքի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Միաժամանակ ընդգծվել է, որ նա փաստացի չի կարող առաջադրվել այդ պաշտոնում, քանի որ մի քանի երկրի քաղաքացի է։ Նրա ղեկավարած քաղաքական ուժը մտադիր է այս սահմանափակումը հաղթահարել՝ ընտրություններում հաղթելու դեպքում նախաձեռնելով Սահմանադրության փոփոխություն։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:

Leave a Comment