«ՔՈՉԱՐԻ Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցության հայտարարությունը՝ կապված Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրների հետ տեղի ունեցածի հետ։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․
«Սիրելի հայրենակիցներ,
Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածը՝ կապված Նիկոլ Փաշինյանի եկեղեցի կատարած այցի ու երիտասարդ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ու դրան հաջորդած զարգացումների հետ, առաջացնում է լուրջ մտահոգություններ ոչ միայն անվտանգության, այլև պետական կառավարման մշակույթի տեսանկյունից։
Առաջին հերթին՝ խորապես անընդունելի ենք համարում այն հանգամանքը, որ սուրբ օրվա ընթացքում, աղոթքի վայրում, հավատացյալ քաղաքացիների բնական և ազատ տեղաշարժը խոչընդոտվել է։ Եկեղեցին այն տարածքն է, որտեղ քաղաքացին պետք է զգա հոգևոր խաղաղություն, այլ ոչ թե հայտնվի ճնշման, քաշքշուկի կամ ուժային միջամտության մեջ։
Պաշտոնատար անձի այցը չի կարող վեր դասվել ժողովրդի հավատքի ազատ դրսևորումից։ Եթե պետական բարձր պաշտոնյա է այցելում եկեղեցի կամ այլ հանրային վայր, ապա անվտանգության ապահովումը պետք է իրականացվի պրոֆեսիոնալ կերպով՝
նախապես կազմակերպված մուտքի և ելքի հստակ ուղիներով,
անհրաժեշտության դեպքում՝ առանձնացված միջանցքներով կամ տեխնիկական լուծումներով,
առանց քաղաքացիների նկատմամբ անհարկի ուժի կիրառման։ Տվյալ դեպքում ակնհայտ է համակարգային անպրոֆեսիոնալիզմը, որը ոչ միայն հանգեցրել է լարվածության, այլև ստեղծել է սադրանքի տպավորություն։
Երկրորդ՝ խիստ տարակուսելի է առաջադրված ձևակերպումը «պաշտոնատար անձի գործունեությանը խոչընդոտելու» վերաբերյալ։ Եթե տեղի ունեցածը գնահատվում է այդ հոդվածով, ապա դա ինքնին նշանակում է, որ խոսքը վերաբերում է պաշտոնական գործունեության իրականացմանը, իսկ նման իրավիճակում առաջանում է հիմնավոր հարց՝ արդյոք տվյալ պահին իրականացվում էր պետական ծառայողական գործունեություն, թե՞ փաստացի տեղի էր ունենում քաղաքական գործընթաց, այդ թվում՝ քարոզչական բնույթի գործողություն։ Այլ կերպ ասած՝ եթե խոսվում է «պաշտոնատար անձի գործունեության խոչընդոտման» մասին, ապա փաստացի ընդունվում է, որ տվյալ գործողությունը հանդիսանում էր գործունեություն՝ իր բնույթով, ինչը պարտադիր պետք է հստակեցվի՝ դա պետական ծառայությո՞ւն է, թե՞ քաղաքական քարոզարշավ։
Այս համատեքստում առաջանում է նաև լրացուցիչ հիմնահարց․
եթե պաշտոնական անձի անվտանգությունն ապահովվել է ՊՊԾ աշխատակիցների կողմից, ապա ո՞ւր էին անհրաժեշտ տուրնիկետները և ուր էին ազատ տեղաշարժման միջանցքները պաշտոնական անձի այցի ժամանակ, որոնք պարտադիր են նման իրավիճակներում լարվածություն և բախումներ բացառելու համար։
Այս հակասությունը պարտադիր պետք է հստակեցվի իրավական մակարդակում, այլապես այն վտանգավոր նախադեպ է ստեղծում՝ քաղաքական գործընթացներն ու իրավական գնահատականները խառնելու տեսանկյունից։ Մենք պահանջում ենք, որ Հայաստանի Քննչական կոմիտեն հանրությանը ներկայացնի ամբողջական և թափանցիկ պարզաբանում՝
Արդյոք եկեղեցին նախապես տեղեկացվա՞ծ է եղել այցի մասին,
Արդյոք իրականացվա՞ծ է եղել անվտանգության նախնական պլանավորում,
Ո՞վ է պատասխանատու անվտանգության կազմակերպման համար,
Արդյոք պահպանվա՞ծ են եղել նման միջոցառումների ընդունված պրոտոկոլները։
Եթե պարզվի, որ անվտանգության համակարգը չի գործել պատշաճ կերպով, ապա պատասխանատվությունը պետք է կրեն համապատասխան պաշտոնատար անձինք, այլ ոչ թե միայն միջադեպում ներգրավված քաղաքացիները, այդ թվում՝ Դավիթ Մինասյանը և Միքայել Մինասյանը։ Միաժամանակ, մենք կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին ցուցաբերել պետական մտածողություն և զսպվածություն՝ հրաժարվելով իրավիճակը քաղաքական շահարկման գործիք դարձնելուց և հանդես գալով համերաշխության ուղերձով, այդ թվում՝ դիտարկելով Դավիթ Մինասյանի և Միքայել Մինասյանի նկատմամբ մեղմ մոտեցման հնարավորությունը։
Այս միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ երկրում ձևավորվել է վտանգավոր միտում, երբ յուրաքանչյուր նման դեպք կարող է վերածվել մարդկային ճակատագրերի կործանման։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երիտասարդները, այդ թվում՝ Դավիթ Մինասյանը և Միքայել Մինասյանը, որոնք վաղը պետք է լինեն մեր երկրի պաշտպանները, հայտնվեն քրեական հետապնդման ծանր բեռի տակ՝ պայմանավորված համակարգային սխալներով և քաղաքական լարվածությամբ։ Մեր համոզմամբ՝ Հայաստանի ապագան չի կարող կառուցվել վախի, ճնշման և պատժի մթնոլորտում։
Այն պետք է կառուցվի արդարության, պատասխանատվության և ազգային համերաշխության հիմքի վրա»։
ՔՈՉԱՐԻ Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք կուսակցություն