Ապրիլի 6-ին Թրամփի սահմանած «տասնօրյա ժամկետը» ավարտվում է

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է առաջիկա օրերին հասնել Իրանի հետ պատերազմի ավարտի շուրջ համաձայնության. նրա մամուլի ասուլիսի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։

«Նա ցանկանում է համաձայնագրի հասնել առաջիկա տասը օրվա ընթացքում։ Ժամանակը սպառվում է։ Մի քանի օր է մնացել։ Տեսնենք՝ ինչ կլինի այդ տասնօրյա ժամանակահատվածի ավարտից հետո», – ասել է Սպիտակ տան խոսնակը ԱՄՆ նխագահի մտադրությունների մասին։

Պաշտոնյային նաև հարց են ուղղել Մերձավոր Արևելքում ամերիկյան լրացուցիչ ուժերի կուտակման մասին՝ չնայած ընթացող բանակցություններին։ Լևիթը պատասխանել է, որ ԱՄՆ նախագահը կենտրոնացած է «Էպիկական ցասում» գործողության նպատակներին հասնելու վրա, իսկ Պենտագոնն աշխատում է գերագույն հրամանատարի համար ստեղծել առավելագույն շատ տարբերակներ»։ Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ ԱՄՆ-ն հասնում է իր առջև դրված նպատակներին։

Մարտի 30-ին Թրամփը Truth Social հարթակում ևս մեկ գրառում էր արել. «ԱՄՆ-ն լուրջ քննարկումներ է անցկացնում նոր, ավելի ողջամիտ ռեժիմի հետ, և մեծ առաջընթաց է գրանցվել։

Եթե որևէ պատճառով շուտով համաձայնություն ձեռք չբերվի, և եթե Հորմուզի նեղուցն անմիջապես չբացվի, ապա լիովին կոչնչացվեն Իրանի էլեկտրաէներգիա արտադրող կայանները, նավթահորերը և Խարգ կղզին և, հնարավոր է, բոլոր աղազրկման կայանները»։

The post Ապրիլի 6-ին Թրամփի սահմանած «տասնօրյա ժամկետը» ավարտվում է appeared first on Ազգ.

Leave a Comment