Իրանը Հորմուզի նեղուցը չի զիջում




1in.am Նախօրեին Իսլամաբադում կայացել է Պակիստանի, Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարների խորհրդատվական հանդիպումը: Այդ մասին պաշտոնական հաղորդագրությունից զատ որևէ հրապարակային տեղեկություն առ այս պահը չկա: Israel Inside-ը, հղելով Իսրայելի անվտանգության համակարգի անանուն աղբյուրներին, հայտնել է, որ Թուրքիայի առաջարկությամբ հանդիպման մասնակիցները «քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացությունը կարգավորելու նպատակով միջազգային կոնսորցիում ստեղծելու գաղափարը»:


 


Ըստ աղբյուրների, Պակիստանը և Եգիպտոսը «ընդհանուր առմամբ կիսում են Թուրքիայի առաջարկությունը, իսկ Սաուդյան Արաբիան առայժմ տատանվում» է: Տեղեկություն կա, որ Իսրամաբադի հանդիպման մասնակիցները «քննարկումների մասին փակ խողովակներով իրազեկել են Միացյալ Նահանգներին և Իրանին ու սպասում են պատասխանի»: Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ պատերազմի ավարտից հետո «ԱՄՆ-ը և Իրանը կարող են համատեղ կառավարել Հորմուզի նեղուցը»:


 


Իսլամաբադի հանդիպման մասնակիցներին անուղղակի, բայց շատ հստակ պատասխանել է Իրանի խորհրդարանի անվտանգության և արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Ալաեդին Բորուջերդին: Իրանցի խորհրդարանականը SNN հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է, որ ամենամոտ ապագայում կընդունվի օրենք, որը Հորմուզի նեղուցում նավագնացության իրավունքի և սպասարկման համար «վճարումներ կնախատեսի»:


 


Իրանա-ամերիկյան ենթադրյալ բանակցությունների օրակարգի սկզբունքային հարցերից մեկը Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի լիակատար իրավազորության միջազգային ճանաչումն է: Այդ մասին անցյալ շաբաթասկզբին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին և վկայակոչել միջազգային պրակտիկայում ընդունված նախադեպեր, երբ երկիրն իր տարածքի նավագնացության ուղիների դիմաց գանձումներ է կատարում:


 


Ի՞նչ առաջարկություններ են մշակել Պակիստանի, Թուրքիայի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարները: Խոսքը միջազգային ժամանակավո՞ր կոնսորցիումի մասին է, որ կարող է գործել Իրանի իրավազորության ներքո, թե՞ նրանք Թեհրանին առաջարկում են Հորմուզի նեղուցի նկատմամբ իրավազորությունը զիջել իրենց: Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմի հիմնական թիրախներից մեկը Հորմուզի նեղուցն է, որի նկատմամբ վերահսկողության իրավունքը էներգակիրների միջազգային շուկայում Իրանի համար գերակա դիրք կապահովի և, ընդհակառակը, կթուլացնի Իսլամական հանրապետությունը, եթե այնտեղ հաստատվի «օկուպացիոն ռեժիմ»:


 


 


Leave a Comment