Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված Մինասյան եղբայրներին, ինչպես նաև երրորդ քաղաքացուն:
Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Միքայել Մինասյանի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը):
Եկեղեցու բակից մարտի 29-ին 3 քաղաքացու էին ձերբակալել՝ պատարագի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպից ժամեր անց։ Ըստ տեսանյութերի՝ պատարագի ընթացքում քաղաքացին Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել», ինչից հետո քաշքշոց էր սկսվել։ Միջադեպի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել:
Եղբայրների փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը Armenia Today-ին հայտնել էր, որ նրանք 18 տարեկան են, աշակերտներ են, իսկ ձերբակալված երրորդ անձը նրանց հետ առնչություն չունի: Բացի այդ, ըստ փաստաբանի՝ եղբայրներն անազատության մեջ չեն կարող գտնվել առողջական խնդիրների պատճառով:
