Ազգային ժողովի ամբիոնից օրերս ոգևորված ելույթ էր ունենում Փաշինյանի հետ ուղիղ եթերում կուկուռուզ կրծող Ալեն Սիմոնյանը, թե՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորն ու Քոչարյանը կարո՞ղ են ուղիղ եթերով դուրս գալ փողոց։ Երկու ժամ անց Ալեն Սիմոնյանը ուղիղ եթերում դուրս է գալիս փողոց՝ բազմաթիվ թիկնապահներով, ու տեղի է ունենում մարդկանց վրա թքելու գործողության հաջորդ փուլը, իրեն դիմած քաղաքացիներին հայհոյում է, բայց ձերբակալվում է երեք այլ անձ։ Ալեն Սիմոնյանը երեկ էլ արդեն իր ղեկավարի հետ էր մարդամեջ մտել ուղիղ եթերով․ դարձյալ նույնը։
Ծաղկազարդին Սուրբ Աննա եկեղեցում սադրանքը տեսել եք։ Թիկնապահները մարդկանց հրում-բրդում են՝ ճանապարհ հարթելու համար, երիտասարդներն էլ արձագանքում են, Նիկոլը եկեղեցուց գնում է, թիկնազորի մի մասը մնում է ու հաշվեհարդար տեսնում։ Երեք անձ ձերբակալվում է երկուսը՝ եղբայրներ։ Անձամբ ականատես եմ եղել Նիկոլի համար ճանապարհ հարթելու՝ ոստիկանության ու թիկնապահների գործելաոճին, լինի ոտքով, թե մեքենայով, ասեմ, որ դա նման է սարերից փախած որևէ վայրենու պահվածքի։
Ոստիկանությունը հայտնում է, թե ձերբակալել է 3 անձի՝ «խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով»։ Պաշտոնատար անձ Նիկոլի՝ եկեղեցի գնալը ծառայողական գործունեություն է՞ր, թե՞ քաղաքական գործունեություն։ Դա թող սկզբից բացատրեն, թե որ մի ծառայողական պարտականությունից էր բխում եկեղեցի գնալը կամ քարոզարշա՞վ էր անում։ Եթե եկեղեցի էր գնացել, թեկուզ քարոզարշավ, մեկ է` ինչ ու երբ ուզում` անում է, բայց դա չի նշանակում որ պետք է իր էությունը մշտապես ցուցադրի, այն է՝ ատելությունը հայ ժողովրդի նկատմամբ, անհանդուրժողականությունը ցանկացած իր նկատմամբ քննադատմանը։ Բայց, ոստիկանությունում որ ազնիվ լինեին, այսպես կկազմեին միտքը, պետք է գրեին՝ «Պաշտոնատար անձի սադրանքին միջամտելու կասկածանքով» արտահայտությունը։
Իսկ որ սադրանք էր Փաշինյանի կողմից, ոչ մի կասկած։
Եկեղեցի մտնելիս հավատացյալներն ասում էին՝ «Ամեն տեղ եք պատրաստվում պղծե՞լ»։
Նիկոլի տեղաշարժի համար մի ամբողջ թիմ է աշխատում, մանրակրկիտ մշակում են սցենարը, Նիկոլին հանդիպողներին։ Ու ինչպես որ Նիկոլն է ասում, հենց շեղվում է սցենարից, խնդիրներ են։ Օրինակ եթե նախապես Սուրբ Աննա այցը պլանավորեին, ԱԱԾ-ն կգնար, աշխատանք կտաներ հոգևորականի հետ, որ պատարագի ժամանակ կաթողիկոսի անունը չտա, իր քպականներին կտաներ լցներ եկեղեցու բակը, հավատցյալ ժողովուրդն էլ այլ եկեղեցում կգնար պատարագի։ Սա առանց նման կազմակերպելու՝ փողոց չի կարողանում դուրս գալ։ Երբ նա բարձրանում է ավտոբուս, վստահ եմ, որ պասաժիրներն արդեն որոշված են։ Բուկլետ է բաժանում ավտոբուսում, հետո պարզում են, որ այդ աջակիցներից մեկը ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի վարորդն է։ Թող բեմադրի, իրեն աջակիցներ ցույց տա, իրենց այդքանն է մնացել, բայց գոնե թող չսադրեն սովորական մարդկանց, իրենց երեսներով։
Պատկերացրեք՝ ամբողջ շաբաթ աշխատանքից, գործերից հոգնած՝ կիրակի գնում եք այգի կամ սրճարան՝ մի փոքր հանգստանալու, ընտանիքի կամ ընկերների հետ ժամանակ անցկացնելու։ Ու հանկարծ այդ հանգիստը կոպտորեն խաթարվում է, որովհետև հանդիպում եք մարդամեկին։
Եկեք անկեղծ լինենք. այսօր նրանց հայտնվելը մարդկանց մեջ շատերի կողմից ընկալվում է ոչ թե որպես ղեկավարների շփում ժողովրդի հետ, այլ որպես սադրանք քաղաքացու նկատմամբ։ Մարդիկ իրենց մաշկի վրա են զգացել սրանց բերած բոլոր արհավիրքներն ու փորձանքները, ու երբ հանդիպում է, այո, որոշները չեն կարողանում զսպել էմոցիաները։ Այն էլ եկեղեցում, որի դեմ պայքարում է Փաշազադեի ցուցումով, ու չգիտես թե ում խելքով է անցնում գնալ պատարագի իրական հավատացյալների ներկայությամբ, որոնց հոգևոր արժեքները պղծել է։
Քաղաքացին դուրս է գալիս տանից, տոն է, գնում է եկեղեցի, մոմ վառի ու Աստծուց խնդրի իրեն ազատել փորձանքից, բայց մինչև մոմը վառելը էդ փորձանքն իր ոտքով մտնում է եկեղեցի։ Դուրս էիր եկել զբոսնելու՝ հայտնվեցիր ոստիկանությունում՝ ընդամենը նրա համար, որ Նիկոլին ես հանդիպում, որը հենց այդ փորձանքն է։
Երեկվա միջադեպը ցույց է տալիս իշխանության համար մի վատ բան։ Որքան էլ փորձում են մարդկանց վախեցնել, մեկ է՝ արդեն չեն էլ վախենում ո՛չ շրջապատող թիկնազորի պատից, ոչ ոստիկանական բանակից։ Նրանք տեսնում են իշխանավորին ու չեն դիմանում, շպրտում են իրենց ասելիքը նրա դեմքին, որովհետև իրենց հակակրանքը ավելի ուժեղ զգացում է, քան վախը։ Կար մի պահ, որ թվում էր անտարբեր են դարձել, անգամ վարորդները դադարեցրել էին սիգնալ տալը շարասյանը հանդիպելիս։
Հիմա էլի չկա էդ վախը։
Ոստիկնաններն էլ են զզվել, ասեմ ձեզ։ Ոստիկանները քրթմնջում էին, թե՝ որ քո գրասենյակից չես կարողանում դուրս գալ, ո՞ւր ես մտնում եկեղեցի։ Պարզ չէ՞ր ինչ է լինելու։ Ախռանիկներն էլ են զզված։ Ես վստահ եմ, որ չեն ընտրելու իրեն, որովհետև նրանք սպա են, ու ամեն օր Նիկոլի հետևից փողոց դուրս գալով, տեսնում ու զգում են նույն ատելությունը ու հոգնածությունը։ Նրանք էլ են ուզում էս վիճակից ազատվել։ Նրանք էլ են չէ՞ տեսնում, որ ամեն Նիկոլին մոտեցող ու լավ բան ասողը ուղիղ եթերում, սարքած մեկն է, իրենք էլ տեսնում են չէ՞, որքան արհեստական է այս ամենը բեմադրվում։ Մի՞թե նրանք էլ չեն հոգնել ամեն օր ժողովրդի հետ բախվելուց՝ պարզապես մեկ անձի քմահաճույքի համար։
Բայց ամբողջ հարցը սա է՝ նա գիտի իր նկատմամբ վերաբերմունքը, բայց մնում է՝ բոլորի ինադու, ու դրանով իսկ սադրում է։ Հավատացյալները դուրս են գալիս, որ Նիկոլը մտնի եկեղեցի, նրա հետ չեն ուզում գտնվել մի տարածքում, վաղը մտավ հիվանդանոց՝ հիվանդներն են դուրս գալու, խանութ մտնի՝ հաճախորդն է դուրս գալու։ Նույն վայրում դրա հետ նույն օդը շնչելը առնվազն տհաճ է։ Երկար մնացին՝ ինչոր կոնֆլիկտ լինելու է։
Մեր երկրի ու ժողովրդի բոլոր շերտերը Փաշինյանին մերժում են 2020 թվականից, եկեղեցուց մինչև գիտնականներ, հասարակական գործիչներ, սփյուռք, բոլորը․ տոտալ մերժման հերթը ժողովրդին է։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների համար փողոց դուրս գալը գնալով ավելի ու ավելի է դժվարանում։ Ու դա միանգամայն տրամաբանական է․ չեն կարող կործանել, քանդել, հանձնել, թալանել, հետո հանգիստ հելնեն ման գան։ Այս իշխանության և ժողովրդի միջև անջրպետն այլևս անվերադարձ է։ Սրանք չեն ուզում հասկանալ, որ իրենց՝ մարդամեջ դուրս գալը սադրանք է ժողովրդի նկատմամբ։ Մարդիկ գնալով չեն կարողանալու զսպել էմոցիաները։ Բայց շեշտեմ, որ այդ իրավիճակից պրծում չունի ՔՊ-ն, ո՛չ հիմա, ո՛չ իշխանափոխությունից հետո։ Ուղղակի իշխանափոխությունից հետո տանից էլ դժվար կարողանան դուրս գալ, բակ իջնել անգամ։ Խնդիրը մարդկանց մեջ չէ, խնդիրը հենց ա՛յս իշխանության մեջ է, որ հասավ ու հասցրեց այս օրին։