Հայազգի բանաստեղծ Միսաք Մանուշյանը դարձել է ֆրանսիական Դիմադրության խորհրդանիշներից մեկը՝ իր կենսագրության մեջ միավորելով ցեղասպանության ողբերգությունը, արտագաղթը և նացիզմի դեմ պայքարը։
««Ավելի լավ բանաստեղծ, քան Մանուշյանը՝ ազգությամբ հայ, Դիմադրությունում չի եղել»,- գրել է բրիտանացի գրող Էդվարդ Ռեզերֆորդն իր «Փարիզ» գրքում:
Մանուշյանը ծնվել է 1906 թվականին Օսմանյան կայսրությունում, մանկության տարիներին վերապրել է Հայոց ցեղասպանությունը և կորցրել ծնողներին։
1925 թվականին նա արտագաղթել է Ֆրանսիա՝ սկզբում Մարսել, ապա Փարիզ, որտեղ ձևավորվել է որպես բանաստեղծ և ակտիվ մասնակցել հայկական սփյուռքի մշակութային կյանքին։

1934 թվականին նա անդամակցել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությանը, իսկ գերմանական օկուպացիայի տարիներին գլխավորել է Փարիզի FTP-MOI («Ազատ հրաձիգներ և պարտիզաններ- ներգաղթյալ աշխատավորներ») խումբը։
Դրա կազմում ընդգրկված էին տարբեր ազգությունների ներկայացուցիչներ՝ հայեր, հրեաներ, լեհեր, իտալացիներ, որոնք միավորվել էին նացիստական ռեժիմի դեմ պայքարում։
Մանուշյանի ղեկավարությամբ խումբն իրականացրել է շուրջ երեք տասնյակ գործողություն՝ ներառյալ դիվերսիաներ և հարձակումներ գերմանական ենթակառուցվածքների դեմ։
1943 թվականի նոյեմբերին նրան ձերբակալել են Վիշիի ռեժիմի ուժերը և փոխանցել գեստապոյին։ 1944 թվականի փետրվարի 21-ին Մանուշյանին և նրա խմբի 21 անդամներին գնդակահարել են Մոն-Վալերյան ամրոցում։
Երկար ժամանակ նրա կերպարը նշանակալի էր հիմնականում ձախ քաղաքական շրջանակների համար, սակայն XXI դարում Մանուշյանը դարձել է Ֆրանսիայի համազգային հիշողության մաս։
2023 թվականին երկրի նախագահ Էմանուել Մակրոնը որոշում է ընդունել նրա վերահուղարկավորման մասին։
Արարողությունը տեղի է ունեցել 2024 թվականի փետրվարի 21-ին՝ գնդակահարության 80-րդ տարելիցին։ Նրա հետ վերահուղարկավորվել է նաև կինը՝ Մելինեն։

Այսօր Մանուշյանը դիտարկվում է ոչ միայն որպես դիմադրության հերոս, այլև որպես ներգաղթյալների համար բաց Ֆրանսիայի խորհրդանիշ։
Նրա անունով կոչվել են կրթական հաստատություններ, իսկ նրա պատմությունը ներառվել է դպրոցական ծրագրերում՝ դառնալով պետական հիշողության քաղաքականության և ժամանակակից ֆրանսիական ինքնության շուրջ քննարկումների մաս։
