30 մարտի 2026 – 17:18 AMT
PanARMENIAN.Net – Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը` ԿԿՀ-ն, ուսումնասիրում է մետրոյում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը։ Այդ մասին հայտնել են հանձնաժողովից, տեղեկացնում է Factor.am-ը:
Մարտի 22-ին մետրոյի վագոնում Փաշինյանի և Արցախից բռնի տեղահանված Արմինե Մոսիյանի զրույցը վերածվել է վիճաբանության։ Վարչապետը դուրս է եկել հավասարակշռությունից, բարձրաձայնել և մատ թափ տալով է խոսել կնոջ հետ՝ վերջինիս անչափահաս երեխայի ներկայությամբ։
«Ես ձեզ հետ կխոսեմ տենց: Այս քարտեզի մասին տենց քամահրանքով չխոսեք: Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը:Ավելի ուշ, Երևանում շրջայցից հետո, նա ասել է, որ ներողություն է խնդրում, եթե իր խոսքերը սխալ են ընկալվել։
Այնուհետև Փաշինյանը Արմինե Մոսիյանին և նրա որդուն հրավիրել է կառավարություն, ինչպես նաև հայտնել է պատրաստակամություն հանդիպելու նրանց նախընտրած վայրում՝ ներողություն խնդրելու նպատակով, սակայն բռնի տեղահանված կինը չի արձագանքել առաջարկին։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախորդ տարի վարքագծի կանոնների խախտում էր համարել Փաշինյանի մի քանի այլ արտահայտություններ։ Խոսքը «դոմփել» և «համբալ» բառերի մասին է։
Բարձրաստիճան պաշտոնյաների վարքին հետևող անձնաժողովը եզրակացությամբ նշել էր, որ «դոմփել» բառը գռեհիկ է, կոպիտ ու անվայելուչ: Այդ բառը Հայաստանի վարչապետը մայիսի 30-ին ֆեյսբուքյան գրառմամբ էր կիրառել՝ հայտարարելով, թե բարձրաստիճան հոգևորականներից մեկը ինտիմ կապերի մեջ է քեռու տիկնոջ հետ։ Փաշինյանը հանձնաժողովի եզրակացությունից հետո ներողություն խնդրեց՝ ֆեյսբուքում նոր գրառում անելով։