Մանկապարտեզներից կատարված գողությունները բացահայտվել են

Մանկապարտեզներից կատարված գողությունները բացահայտվել են

30 մարտի 2026 – 17:20 AMT

PanARMENIAN.Net – Ոստիկանության օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտվել են մանկապարտեզներից և պարի ստուդիայից կատարված գողությունները։

Հունվարի 3-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Իսահակյան թաղամասում գործող պարի ստուդիայից գողացել են երաժշտական կենտրոն և համացանցի շարժական սարք, ինչի հետևանքով պատճառվել է 150 հազար դրամի վնաս։ Իրավապահները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ, սակայն հանցագործությունը չի բացահայտվել թարմ հետքերով։ Ավանի համայնքային ոստիկանների իրականացրած օպերատիվ-հետախուզական գործողությունները արդյունք են տվել մոտ երկու ամիս անց։

Ստացված տվյալների համաձայն՝ գողությունը կատարել է Ավանի Բրյուսովի թաղամասում բնակվող 37-ամյա տղամարդը։ Պարզվել է նաև, որ նա նմանատիպ գողություն կատարել է նախորդ տարվա հունվարին՝ Ավանի թիվ 54 մանկապարտեզից հափշտակելով ձայնարկիչ։ Տղամարդը ձերբակալվել է, խոստովանել է իր կողմից կատարված երկու գողությունները և ներկայացվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Մարտի 12-ին և 16-ին գողության և գողության փորձի վերաբերյալ հաղորդումներ են ստացվել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում։ Մարտի 12-ի գիշերը անհայտ անձը կոտրել է թիվ 103 մսուր-մանկապարտեզի առաջին հարկի աշխատասենյակի պատուհանը և գողացել պայուսակ, որի մեջ եղել են բանկային քարտեր, իսկ մարտի 16-ի գիշերը թիվ 104 մանկապարտեզ ապօրինի մուտք գործած տղամարդը, նկատելով պահակին, դիմել է փախուստի։

Նոր Նորքի համայնքային ոստիկանների արագ արձագանքի և օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երկու դեպքերում էլ նույն անձն է ներգրավված եղել։ Ուլնեցու փողոցում բնակվող 57-ամյա տղամարդը հայտնաբերվել է, ձերբակալվել և տեղափոխվել բաժին, որտեղ խոստովանել է, որ գողությունն ու գողության փորձը կատարել է ինքը։ Նախաքննությամբ հանգամանքները շարունակվում են պարզվել։

Leave a Comment