Հանրությանը «ֆոբիաներ ներշնչելու և երկրում հակառուսական տրամադրություններ գեներացնելու» խնդիրը

Հայաստանի ընդդիմությունը և մի շարք փորձագետներ շարունակաբար պնդում են, որ Ռուսաստանից հիբրիդային պատերազմի մասին տեղեկությունները, մեղմ ասած, «հիմնավոր» չեն:

Նրանք իշխանություններին մեղադրում են հանրությանը «ֆոբիաներ ներշնչելու և երկրում հակառուսական տրամադրություններ գեներացնելու» մեջ:

Այս առթիվ արժե հիշեցնել միջպետական հարաբերություններում, ամենայն հավանականությամբ, նախադեպ չունեցող մի փաստ:

Օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիայի Զախարովայի կողմից «համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հասցեին թույլ տված անպատեհ արտահայտության համար, որը վիրավորանք է ողջ ադրբեջանական ժողովրդի հասցեին»:

Ի՞նչ է տեղի ունեցել: Հերթական ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը Զախարովային հարցրել է, թե ի՞նչ կարծիք ունի Հայաստանի վարչապետի կողմից հայ եկեղեցականներին «կգբ-ի գործակալ անվանելու» վերաբերյալ, ինչին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պատասխանել է, թե չգիտի «խոսքն ում մասին» է, ապա անսպասելի հավելել է. «Գուցե նա Հեյդար Ալիևի՞ն նկատի ունի»:

Որ Հեյդար Ալիևը ոչ թե կգբ-ի գործակալ, այլ բարձրաստիճան աշխատակից է եղել, Մարիա Զախարովան անգիր գիտի, ուստի չէր կարող որոշ հայ հոգևորականների կամ նրանցից մեկի մասին Հայաստանի վարչապետի ասածը վերագրել Ադրբեջանի նախկին նախագահին:

Բայց Մարիա Զախարովան նման խարդախամտություն թույլ է տվել՝ ակնհայտորեն փորձելով վնասել հայ-ադրբեջանական հարաբերություններին, Երևանի և Բաքվի միջև ծանր բանավեճ սրել:

Պետք է, որքան էլ ասվածը միանշանակ չընկալվի, արժանին մատուցել պաշտոնական Բաքվի սառնասրտությանը. ՌԴ ԱԳՆ-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանն արված դիտողության տեքստում Հայաստանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու հայ հոգևորականության մասին ակնարկ իսկ չկա:

Բաքուն պարզապես բացատրություն է ակնկալում, թե ի՞նչ նկատառումներով է Մարիա Զախարովան իրեն տրված հարցի հետ ոչ մի կապ չունեցող համատեքստ ստեղծել և բացասական որակներ վերագրել «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիևին:

Այլ իրավիճակում Զարախովայի «հայտնագործությունը» կարող էր հայ-ադրբեջանական լարվածության առիթ հանդիսանալ: Սա էլ հենց տեղեկատվա-քարոզչական հիբրիդային պատերազմ է, որի մի դրվագ իրականացվել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մակարդակով:

Իսկ առհասարակ բավական է հետեւել Ռուսաստանի պետական և առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին, որպեսզի պարզ լինի ամեն բան:

Leave a Comment