ադրբեջանական հանրային հաշտություն չի լինի •

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան հանդես է եկել միջազգային հանրությանը հասցեագրած հայտարարությամբ, որ նվիրված է այսպես կոչված «ադրբեջանցիների ցեղասպանության հերթական տարելիցին»:

Այդ օրը Ադրբեջանում նշվում է 2001թ.-ից և սահմանվել է նախագահ Հեյդար Ալիևի հրամանագրով: Խոսքը 1918թ.-ի մարտի 31-ին Բաքվում տեղի ունեցած իրադարձությունների մասին է:

Այդ օրը, ինչպես հայտնի է, Բաքվում հաստատված բոլշեւիկյան իշխանությունը պահանջել է, որպեսզի «Մուսավաթ» կուսակցության զինված ջոկատները զինաթափվեն և դուրս բերվեն քաղաքի տարածքից:

Բոլշեւիկյան իշխանությունների այդ պահանջը չի կատարվել, որից հետո սկսվել են զինված բախումներ, որոնց զոհ են գնացել նաև խաղաղ բնակիչներ: Հետագա մի քանի օրերին մարտերը շարունակվել են նաև Բաքվի նահանգի տարբեր վայրերում:

Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը, ինչպես տեսնում ենք, շարունակում է պնդել, որ այդ իրադարձությունները կազմակերպվել են «ազգային անհանդուրժողական հիմքով և հետապնդել են ադրբեջանցիների ֆիզիկական բնաջնջման և նրանց իրավունքների բռնաճնշման նպատակ»:

Բաքվում այդ տեսակետի համար վկայակոչում են Կոմունայի իշխանության ղեկավար Ստեփան Շահումյանի էթնիկ ծագումը և այն, որ նրան օգնելու համար Բաքու էին տեղափոխվել հայկական զինված խմբավորումներ:

Պատմական վիճելի իրադարձությունների միակողմանի մեկնաբանությունը, որով վերստին աչքի է ընկել Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևայի հայտարարությունը, վկայում է, որ պաշտոնական Բաքուն չի հրաժարվել հակահայկական քարոզչությունից և շարունակում է նոր սերունդներին ներշնչել «արդարացի վրիժառություն»:

Նման զգայուն հարցերն, ինչ խոսք, քննարկման առարկա պիտի լինեին ի սկզբանե, բաց է թողնվել շուրջ երեսունամյա մի դարաշրջան, որի ընթացքում Ադրբեջանը միայն քայլ առ քայլ կոշտացրել է մոտեցումները:

Այսօր, երբ օրակարգային է Հայաստան-Ադրբեջան խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի ստորագրումը, Սաբինա Ալիևայի միակողմանի եւ հիմնականում կեղծ դրույթների վրա կառուցված հայտարարությունը չի վկայում պատմական հաշտության Բաքվի մտադրության մասին:

Հայաստանում այս և նման հարցերի նկատմամբ պաշտոնական վերաբերմունքը չափազանց զուսպ և պահպանողական է: Բայց, ինչպես տեսնում ենք, հակառակ կողմը դա չի գնահատում:

Խնդիրը, հավանաբար, պետք է քննարկվի գիտական, հանրային գործիչների մակարդակով: Հակառակ դեպքում հայ-ադրբեջանական հանրային հաշտություն չի լինի:

Leave a Comment