30 մարտի 2026 – 16:53 AMT
PanARMENIAN.Net – Ռուսական մարդասիրական առաքելությունըM հայտնել է, որ 8 ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին բաշխվել է մոտ 140 տոննա մարդասիրական օգնություն: Տեղահանվածներին աջակցելու ծրագիրն իրականացվել է «Եվրասիա» ընկերության և «Ռուսական մարդասիրական առաքելության» համատեղ ջանքերով՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աջակցությամբ, հայտնում է Sputnik Արմենիան:
Վերջին հանգստյան օրերին կարիքավորներին փոխանցվել է ևս 513 ունիվերսալ փաթեթ, որոնք ներառել են սննդամթերք և հիգիենայի պարագաներ։
«Օգնություն է տրամադրվել բնակչության ամենախոցելի խմբերին՝ I և II խմբերի հաշմանդամներին, միայնակ թոշակառուներին, ինչպես նաև կերակրողին կորցրած ընտանիքներին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ծրագրի շրջանակում իրականացվող լայնածավալ մարդասիրական նախաձեռնությունը մոտենում է ավարտին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հայկական կողմը հրաժարվել է շարունակել համագործակցությունը այս նախաձեռնության շրջանակում։
Ծրագիրը մեկնարկել է 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին՝ արձագանքելով հայկական հասարակական կազմակերպությունների դիմումներին։ Այդ ժամանակահատվածում աջակցություն է ցուցաբերվել գրեթե 7000 ընտանիքի՝ խոշոր քաղաքների մեծ մասում, ինչպես նաև երկրի հեռավոր և դժվարամատչելի բնակավայրերում։