Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առօրյա կյանքում երեք փոքր փոփոխությունը՝ ավելի լավ քունը, մի փոքր ավելի շատ ֆիզիկական ակտիվությունը և ավելի շատ բանջարեղեն օգտագործելը, կարող են զգալիորեն նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը։
Ուսումնասիրությունը իրականացրել են Սիդնեյի համալսարանի գիտնականները։ Նրանք փորձել են հասկանալ, թե ինչպես են քունը, սննդակարգը և ֆիզիկական ակտիվությունը միասին ազդում սրտի առողջության վրա։ Գիտնականները վերլուծել են 53․242 մարդու տվյալներ, որոնց միջին տարիքը եղել է 63։ Արդյունքները ցույց են տվել, որ եթե մարդը ամեն օր
- քնի 11 րոպե ավելի երկար,
- կատարի 4.5 րոպե ավելի շատ միջին կամ բարձր ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն,
- ուտի մոտ մեկ քառորդ բաժակով ավելի շատ բանջարեղեն,
ապա 8 տարվա ընթացքում սրտի կաթվածի, ինսուլտի և սրտային անբավարարության ռիսկը կարող է նվազել մոտ 10%-ով։
Չնայած ուսումնասիրությունը չի ապացուցում ուղիղ պատճառահետևանքային կապ, այն ցույց է տալիս հստակ կապ այս վարքագծի և սրտանոթային հիվանդությունների ավելի ցածր ռիսկի միջև։ Գիտնականները նշում են, որ փոքր, բայց միաժամանակ իրականացվող փոփոխությունները հաճախ ավելի հեշտ են մարդկանց համար, քան մեկ մեծ փոփոխություն կատարելը։
Գիտնականները նաև նշում են, որ առավել լավ արդյունք ապահովող համադրությունը եղել է՝
- օրական 8–9 ժամ քուն,
- առնվազն 42 րոպե ակտիվ շարժում օրական,
- առողջ սննդակարգ, որը ներառում է ավելի շատ մրգեր, բանջարեղեն, ձուկ և ամբողջական հացահատիկներ, և ավելի քիչ մշակված միս ու քաղցր ըմպելիքներ։
Այս համադրությունը կապված է եղել սրտանոթային լուրջ խնդիրների ռիսկի 57% նվազման հետ՝ 8 տարվա ընթացքում։
